ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ. Բելառուսի նախագահի մամուլի խոսնակ

Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալիա Էյսմոնտը հայտարարել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է լուծվի մինչև ընթացիկ տարվա ավարտը:

Չորեքշաբթի օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթաժողովից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ կողմերին հաջողվել է համաձայնության գալ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմների շուրջ, և այդ պաշտոնում կարող է նշանակվել «Բելառուսի ներկայացուցիչ»:

Ուրբաթ օրը Լուկաշենկոյի այս հայտարարությանը պատասխանել էր Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ՀԱՊԿ քարտուղարի հարցը դեռևս լուծված չէ:

Միաժամանակ նա պարզաբանել է, որ ԵԱՏՄ առաջնորդների զրույցի ընթացքում օրակարգից դուրս այդ թեմայի քննարկումը նախաձեռնվել է Լուկաշենկոյի կողմից, սակայն այդ պահին բանակցությունների սեղանին բոլորը չէ, որ ներկա են եղել:

«Այն, ինչ միանշանակ որոշվել և աջակցություն է ստացել պետությունների ղեկավարների կողմից, այդ թվում Ռուսաստանի նախագահի կողմից, այն է, որ այդ հարցը պետք է լուծվի մինչև նոր տարի (2019թ.)»,- ասել է Էյսմոնտը:

Բելառուսի նախագահի մամուլի քարտուղարը նաև ասել է, որ ԵԱՏՄ անցած գագաթնաժողովի շրջանակում այդ թեմայի քննարկումը եղել է «ոչ թե թեժ, այլ շատ թեժ»:

Նրա խոսքով՝ կրքերն այնքան են թեժացել, որ վերջում «ստիպված էին բոլորը բոլորից ներողություն խնդրել»:

Տեսանյութեր

Լրահոս