Բաժիններ՝

«Ես հորդորում եմ հանգստություն պահպանել և հարգել միմյանց». Անն Իդալգոն

Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Անն Իդալգոն «դեղին բաճկոնավորների» շարժման՝ շաբաթ օրը նշանակված բողոքի ակցիայի նախօրյակին հանգստության ու զգուշավորության կոչ է արել։

«Ես հորդորում եմ հանգստություն պահպանել եւ հարգել միմյանց»,- Փարիզի քաղաքագլխի խոսքը մեջբերել է BFM-TV հեռուստաալիքը: Իդալգոն հավելել է, որ խնդրում է բոլորին շաբաթ օրը դրսեւորել «զգուշավորություն, հանգստություն եւ սառնասրտություն»:

«Հոգացեք Փարիզի մասին, որովհետեւ Փարիզը պատկանում է բոլոր ֆրանսիացիներին»,- նշել է նա: Ավելի վաղ Փարիզի քաղաքագլուխը հայտարարել է, որ դատապարտում է վերջերս մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունները, բայց չէր ցանկանա, որ երկրի իշխանությունները բողոքի ակցիաների արգելք սահմանեին: «Փարիիզը պատկանում է բոլոր ֆրանսիացիներին: Նրանց իրավունքն է՝ ժամանել Փարիզ եւ մասնակցել բողոքներին»,- նշել է նա:

Դրա հետ մեկտեղ քաղաքական գործիչը դատապարտել Է անկարգությունները, որոնցից տուժում են տեղի բնակիչներն ու ոստիկանները, ինչպես նաեւ խանութների ու առեւտրական կետերի սեփականատերերը:

«Ես դատապարտում եմ բռնությունը: Անկարգությունները չպետք է կրկնվեն»,- հավելել է Փարիզի քաղաքագլուխը: Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից տեղի են ունենում «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք հանդես են գալիս ավտոմոբիլային բենզինի գների աճի, հարկերի բարձրացման եւ ապրուստի թանկացման դեմ: Իշխանությունները պատրաստվում են առաջիկա շաբաթ օրը բողոքի նոր ընդգրկուն ակցիաների եւ հնարավոր անկարգությունների՝ չնայած վերջին օրերին հարկերի եւ աշխատավարձերի նվազագույն մակարդակի հարցում կատարված զիջումներին:

Ինչպես հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը, իրավապահ մարմինների շուրջ 89 հազար աշխատակիցներ շաբաթ օրը կմոբիլիզացվեն Ֆրանսիայում, այդ թվում 8 հազարը՝ Փարիզում՝ «դեղին բաճկոնավորների» ցույցերի ընթացքում կարգի պահպանման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս