«Ով նման լկտիություն է ցույց տվել՝ պետք է ենթարկվի պատասխանատվության». Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպի մասին
«Վատ եմ վերաբերվում: Իրավապահները զբաղվում են այդ գործով և օրենքով սահմանված ընթացակարգերով պետք է պատասխանատվության ենթարկեն: Ես ասել եմ, որ բռնությունը որևէ հարաբերություն պարզելու գործիք մեզ համար անընդունելի է: Ով նման լկտիություն է ցույց տվել՝ պետք է ենթարկվի պատասխանատվության»,-անդրադառնալով Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին, ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակի թիվ 5/1 հասցեում գտնվող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում մի խումբ անձանց միջև միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, 33-ամյա Արտակ Դավթյանը սպառնալիքներ, իսկ հետո՝ հարվածներ է հասցրել «Իմ քայլը» դաշինքի համակիր՝ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 39-ամյա Գևորգ Բաբայանին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ միջադեպին ներկա է եղել Արարատի մարզպետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Գարիկ Սարգսյանը, ով անգամ չի փորձել կանխել Ա. Դավթյանի՝ իր վարորդի, գործողությունները։
ՀՀ ոստիկանության հասարակայնության, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ շտաբում միջադեպ է տեղի ունեցել: Կատարվածի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։
Անի Կարապետյան