«Եթե իմ ներկայացրած ուժից որևէ մեկը փորձի ուսումնական հաստատություններին ներգրավել նախընտրական քարոզարշավում՝ կհասնեմ նրան, որ ինքնաբացարկ հայտարարի»

«Իմ նախընտրական քարոզարշավի ժամանակ նոր տեխնոլոգիաների կիրառումը նպատակ ունի ցույց տալու, որ մենք ունենք մի շարք մշակումներ դպրոցների ծրագրերն ու դասագրքերը նոր տեխնոլոգիաներով ներկայացնելու համար։ Այս ամենը կիրառվեց՝ որպես քարոզչանյութ, լայն շրջանակներին հասանելի դարձնելու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով համացանցում հայտնված քարոզչական նոր տեխնոլոգիայի կիրառմանը։

ԿԳ նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ տվյալ քարոզչանյութը երկու շաբաթ մնալով ընտրողի մոտ՝ կարող է պարբերաբար նոր հաղորդագրություններ լսել թեկնածուից։ Սակայն այստեղ գլխավոր նպատակն այն է, որ ցանկանում են ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինեն դասագրքերը։

«Գիտենք, որ մեր երեխաները չարաշահում են սմարթֆոնները, և ժամանակի ընթացքում տեխնոլոգիաներն ավելի արդյունավետ դարձնելու համար՝ այսուհետև դասագրքերը խոսելու ու պատմելու են, հեռախոսների միջոցով դասագրքերում եղած նյութերն ավելի հետաքրքիր են դառնալու։ Օրինակ՝ երեխաները կարող են արևի խավարումը տեսնել շատ պատկերավոր, այս նորարարությունը նոր է Հայաստանում և գործում է աշխարհի քիչ երկրներում։ Մենք մի ընկերության հետ արդեն գարնանը կունենանք այդպիսի դասագիրք և արդեն կանցնենք նման դասագրքերի պատրաստման»,- շեշտեց Ա. Հարությունյանը։
Խոսելով նախընտրական քարոզարշավի մասին, Ա. Հարությունյանը նշեց, որ այն բավականին հաջող է ընթանում, և իրենց համատարած լավ են ընդունում։

Նրա կարծիքով՝ գոնե Երևանում ավագանու ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի ստացած տոկոսները կպահպանվեն։

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ նոր իշխանությունների ժամանակ ևս ուսումնական հաստատություններն ակտիվ ներգրավված են նախընտրական քարոզարշավում, Արայիկ Հարությունյանը կոչ արեց ներկայացնել գոնե մեկ ապացույց։

«Որևէ ապացույց, որ երեխաները կամ ուսուցիչները ներգրավված են քարոզարշավում, կա՞, չկա։ Այդպես չի լինում, 21-րդ դարում, երբ բոլորի ձեռքում հեռախոս կա, պետք է, չէ՞, մի կիսատ ապացույց լիներ։ Բացառում եմ, որ «Իմ քայլը» դաշինքը և իշխանությունը որևէ կերպ վարչական ռեսուրս է կիրառում, այդ թվում՝ դպրոցների ներգրավվածությունը։

Քարոզարշավից արդեն անցել է 10 օր, նման դեպք չկա։ Ինձ փոքր ահազանգեր եկել են մարզերից, որ կարող են նման երևույթներ լինել դպրոցներում, ստուգել ենք, ու ոչինչ չի եղել։ Չեմ բացառում, որ դա կարող է լինել, բայց դա կարող է լինել եզակի դեպքերում։ Եթե իմ ներկայացրած ուժից որևէ մեկը փորձի ուսումնական հաստատություններին ներգրավել նախընտրական քարոզարշավում՝ կհասնեմ նրան, որ ինքնաբացարկ հայտարարի»,- ասաց ԿԳ նախարարի պաշտոնակատարը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս