«Որևէ մեկը չի եկել, իմ դուռը ծեծել, ասել՝ եղբայր, դու տուն ունես, որը չես հայտարարագրել». Գեղամ Մանուկյան

ՀՅԴ պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանն այսօր «Նախընտրական հակակոռուպցիոն լսումներ» խորագրով հանրային քննարկման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում երկար տարիներ հայտարարագրումը ձևական է եղել։ Ասածն ապացուցելու համար նա հետևյալ օրինակը բերեց. «Տարիներ առաջ, քանի որ իմ աշխատանքային ֆոնդն ավելի մեծ էր, եղբորս ընտանիքի համար հիպոթեքով տուն էի վերցրել։ Որպես ԱԺ պատգամավոր՝ մի քանի տարի հայտարարագրում եմ ներկայացրել, բայց անկեղծ մոռացել էի, որ այդ տունն իմ անունով է, բայց որևէ մեկը չի եկել իմ դուռը ծեծել, ասել՝ եղբայր, դու տուն ունես, որը չես հայտարարագրել»։

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ «Իմ քայլը» դաշինքի ծրագրերն ավելի շատ միտված են ապօրինի հարստացումը կանխարգելելուն, քան դրա բացահայտմանը.

«Մենք շատ լավ գիտենք, որ 2017թ. առաջին անգամ Հայաստանում ապօրինի հարստացումը քրեականացվեց, բայց այն օրենսդրական դրույթը, որը պատասխանատվություն է նախատեսում, սահմանադրական արգելք է, որ դրան տրվի հետադարձ ուժ։ Բոլորին հայտնի շրջանառվող տեղեկություններ ապօրինի հարստացած անձանց վերաբերյալ հետաքննության առարկա չէին կարող դառնալ այն պատճառով, որ ուղղակի օրենքը հետադարձ ուժ չուներ։ Բայց այստեղ կան տարբեր մեխանիզմներ, և որևէ մեկը չի պնդում, որ քրեական արդարադատությունն է միայն, որ կարող է ապօրինի հարստացման ճանապարհով ձեռք բերված եկամուտները պետականացնել կամ ուղղակի վերադարձնել։

Այսօրվա օրենսդրությունն ապօրինի հարստացման բացահայտումն անմիջականորեն կապում է անձի հայտարարագրերի հետ, այսինքն՝ հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում պետք է անհամապատասխանությունը բացահայտվի, և կասկածի դեպքում դիմեն իրավապահ մարմիններին։ Միայն հայտարարագրման ինստիտուտի հետ պետք չէ կապել, և մեր ծրագրի հակակոռուպցիոն բաժինը ներառում է բոլոր այն գործողությունները, որոնք միտված են ոչ միայն կանխարգելելուն, այլև ապօրինի հարստացման դեպքերը բացահայտելուն»։

Կարդացեք նաև

Հ. Տիգրանյանի խոսքով՝ այսօրվա իշխանությունն արդեն իսկ իրականացնում է այն իրավական կարգավորումները, որոնք ընդունվել էին ուղղակի ընդունվելու համար. «Պրակտիկան ցույց է տալիս, որ այս 6-7 ամսվա ընթացքում իշխանությունն իսկապես ունի այդ քաղաքական կամքը՝ հետամուտ լինելու և բացահայտելու ապօրինի հարստացման դեպքերը»։

Տեսանյութեր

Լրահոս