Բաժիններ՝

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենի անհատական բանկային պահատեղիներում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկու ձուլակտորներ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախնական քննության տվյալներով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենը 2016 թվականից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության մի շարք աշխատակիցների հանցակցությամբ փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով խարդախությամբ առերևույթ հափշտակել է ՀՀ առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության միջև կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի շրջանակներում ընդգրկված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարները:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ, քննիչի որոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն ընկերության ևս երկու նախկին աշխատակցի՝ պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության նախկին ղեկավարին և մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է դրվել գործով մեղադրյալ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենի բանկային հաշիվներում առկա՝ ընդհանուր 272.900 ԱՄՆ դոլար գումարի, վերջինիս պատկանող՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող երկու բնակարանների, Կոտայքի և Շիրակի մարզերում գտնվող անշարժ գույքի, ինչպես նաև շարժական գույքի վրա:

Բացի այդ, վերջինիս անհատական բանկային պահատեղիներից առգրավվել է 30.000 ԱՄՆ դոլար, 15.000 եվրո, թվով 31 հատ 999.9 հարգի ոսկու ձուլակտորներ և զարդ՝ ընդհանուր շուրջ 500 գրամ քաշով, ինչպես նաև՝ ընդհանուր թվով 39 հատ տարբեր չափերի ոսկե և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված հուշադրամներ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս