«Բան չի փոխվել՝ էս երկրի ղեկավարությունն էսպես եկել, էսպես էլ գնալու է». հարցումներ Երևանում

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փորձում են շահել հասարակության վստահության քվեն՝ նոր խորհրդարանում իրենց  տեղն ունենալու համար։

Ըստ փորձագետների՝ այս ընտրություններում հասարակությունն իր վստահության քվեն տալու է ոչ թե քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերին, այլ անհատների, ինչը, բնականաբար, վատ է։

168.am-ը հարցումներ անցկացրեց Երևանում՝ հասկանալու համար, թե հասարակությունն ի՞նչ մտահոգություններ ունի ընտրությունների, քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերի, սոցիալական, տնտեսական խնդիրների լուծման, արցախյան հիմահարցի հետ կապված նրանց հնչեցրած կարծիքների և առհասարակ երկրում տիրող իրավիճակի մասին։

Վերնիսաժի հարակից տարածքում, երբ տեսախցիկով և վերը նշված հարցադրումներով մոտեցանք քաղաքացիներին, նրանք անմիջապես խուսափեցին խոսել տեսախցիկի առջև՝ նշելով, որ չեն ցանկանում հայտնվել համացանցում կամ էլեկտրոնային լրատվամիջոցներում։

Վերնիսաժում առևտուր անողներն էլ նշեցին, թե մի կտոր հացի փող են վաստակում ու չեն ուզում դրանից զրկվել։ Մարդիկ վախենում են կարծիք արտահայտել։
Հարցին, թե որևէ մեկից վախենո՞ւմ են, նրանք պատասխանում էին, որ նախընտրական շրջան է, կարող է՝ մի բան ասեն ու դառնան վատամարդ, ուստի առանց նկարահանման պատրաստ են պատասխանելու ցանկացած հարցի։

«Մեզ մոտ ոչինչ չի փոխվել, ինչպես նախկինում էինք մեր առևտրով զբաղվում ու հարկեր վճարում, նույնն էլ այժմ ենք անում, մեզ ի՞նչ, որ հեղափոխություն եղավ։ Եթե նորեկները մի բան փոխեցին՝ փոխեցին, եթե չէ՝ ուրեմն ամեն ինչ անիմաստ է»,- նշեց մեր զրուցակից Գևորգ Դավթյանը։

Քաղաքացիներից մեկն էլ, ով չցանկացավ նշել իր անունը, ասաց, որ անհամբեր սպասում են, թե խորհրդարանական ընտրություններից հետո իշխանություններն ինչ կարող են անել: «Շատ բան կարող եմ ասել, բայց դեռ բան չեմ ասի, տեսնենք, ասում են՝ ընտրություններից հետո լավ կլինի, տեսնենք՝ մի բան կփոխե՞ն»,- ասաց նա։

Հարցմանը պատախանողներից շատերն էլ նշեցին, որ ընտրություններին չեն մասնակցելու, քանի որ ասպարեզում չեն տեսնում այնպիսի քաղաքական ուժ, որը պայքարում է ոչ թե սեփական շահի, այլ ժողովրդի կյանքը բարելավելու և երկիրը զարգացնելու համար։

Մեզ հետ զրույցում 57-ամյա տիկին Վերան նշեց, որ երկար տարիներ առանց աշխատանքի է, հեղափոխությունից հետո մտածել է, որ ամեն ինչ կփոխվի, և իրեն աշխատանք կտան։

«Ուր դիմում եմ, ասում են՝ տարիքդ չի համապատասխանում մեր աշխատանքի համար։ Եղբա՛յր, գոնե մաքրուհու աշխատանք չունե՞ք, թե՞ բոլոր վայրերում միայն 25 տարեկան աղջիկներն են մաքրությամբ զբաղվում։ 37 տարի է՝ Հայաստանում եմ ապրում, ազգությամբ ռուս եմ, ամուսնացա հայի հետ ու Ռոստով քաղաքից տեղափոխվեցի Երևան։ Երաժշտական կրթություն ունեմ, նախկինում աշխատում էի, մասնավոր դասեր էի տալիս, այսօր դա էլ չունեմ»,- նշեց  տիկին Վերան։

Նրա խոսքով, եթե ներկայիս իշխանությունն իրեն չփոխի, ապա վաղն ավելի վատ է լինելու, քան նախկին իշխանությունների ժամանակ էր։

Երբ տիկին Վերային խնդրեցինք միացրած տեսախցիկի առջև իր այդ կոչն ուղղի իշխանություններին, նա հրաժարվեց՝ ասելով. «Նրանք ամեն ինչ տեսնում են, կարդում են, ինչ ասեմ, թող մեր մասին էլ մտածեն, մենք այս երկրի բնակիչներն ենք, գնալու տեղ չունենք»։

Թոշակառու Ներսես Մուրադյանն էլ նշեց, որ ընտրություններից ու իշխանություններից ո՛չ սպասելիքներ ունի, ո՛չ պահանջներ.

«Էս երկրի ղեկավարությունն էսպես եկել, էսպես էլ գնալու է, իմ հույսը որդիներիս վրա է, որ Սոչիում են, աշխատում են՝ փողն ուղարկում, ես էլ այստեղ ապրում եմ։ Ով եկավ՝ իր մասին մտածեց, ով գալիս է իշխանության, ասում է, թե՝ թոշակները բարձրացնելու ենք, բա ինչի՞ չեն բարձրացնում։ 30 հազար դրամ թոշակ եմ ստանում, դրանով հնարավո՞ր է մեկ ամիս ապրել»։

Նշենք, որ հարցման ընթացքում երիտասարդների մեծ մասը խուսափում էին որևէ մեկնաբանություն տալուց, նշելով, որ կամ հետաքրքրված չեն քաղաքականությամբ, կամ  առաջիկայում ամեն ինչ լավ է լինելու։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս