«Ո՞վ է «Վանաձոր քիմպրոմի» տերը. Սպիտակի դատարանում գույքը վաճառվում է բոլտ ու գայկայից սկսած». Արթուր Բաղդասարյան

ՕԵԿ նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի շրջանակներում դեկտեմբերի 2-ին այցելել է Լոռու մարզ, հանդիպել Սպիտակի, այնուհետ՝ Վանաձորի բնակիչների հետ: Նա նշեց, որ իրենք առաջարկում են 24 ամսվա ընթացքում, Երևանից բացի, մարզերում էլ մանկապարտեզները դարձնել անվճար, շարունակել վերադարձնել ավանդները:

«Մենք առաջարկում ենք հասցեական սոցիալական քաղաքականություն, հասանելի առողջապահություն: Մարդիկ մահանում են, որովհետև չեն կարողանում վճարել դեղի, վիրահատության համար: Առաջարկում ենք՝ Հայաստանում տարածված հիվանդությունները բուժել պետական բյուջեի միջոցների հաշվին: Պետք է առողջապահության ոլորտում ապահովագրական համակարգ ներդրվի, որը հնարավորություն կտա քաղաքակիրթ առողջապահական ծառայություններ ստանալ»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

ՕԵԿ նախագահն անդրադարձավ նաև «Վանաձոր քիմպրոմի» խնդրին՝ ասելով. «Ամեն անգամ Վանաձոր գալուց մարդ հուզվում է՝ տեսնելով, թե ինչ են անում: Սպիտակի դատարանում Քիմպրոմի գույքը վաճառվում է՝ բոլտ ու գայկայից սկսած: Ո՞վ է «Վանաձոր քիմպրոմի» տերը, ինչո՞ւ պետությունը քայլեր չի ձեռնարկում վերագործարկելու, ո՞վ է «Նաիրիտի» սեփականատերը, ոչ մեկը չգիտի: Հեղափոխությունից հետո 8 ամիս է անցել, բայց ոչ մեկն էլի չգիտի, թե ովքե՞ր են այս գործարանների տերերը ու ինչո՞ւ են թալանում»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս