«Եթե նախկին ռեժիմի ներկայացուցիչները գողոնը վերադարձնեն, մենք նրանց կներենք». Գարեգին Չուգասզյան

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ  հայտարարեց, որ կուսակցության նախընտրական ծրագում ներառված հիմնական կետերից ամենակարևորը սոցիալական արդարության հարցն է։

Կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Գարեգին Չուգասզյանը Եղվարդում բնակիչների հետ հանդիպմանը նշեց, որ սոցիալական արդարության հասնելու հարցում շատ կարևոր է նախկին ռեժիմի ներկայացուցիչների պատասխանատվության ենթարկելը։

Նրա խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանից արտահանվել է 10 մլրդ դոլար, և դա եղել է այն սերմացուն, որը չի դրվել հողի մեջ։

«Ներդրողներին Հայաստան բերելուց առաջ նախ՝ պետք է վերադարձնենք այդ գողոնը, սա հիմնական հարցերից մեկն է։ Եթե նախկին ռեժիմի ներկայացուցիչները գողոնը վերադարձնեն, մենք նրանց կներենք, սա հիմք կդառնա մեր տնտեսության զարգացմանը»,- նշեց Գ. Չուգասզյանը։

Կուսակցության համակիրներից Արա Պապյանը եղվարդցիներին հորդորեց Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հարցեր ուղղել այն կուսակցության ներկայացուցիչներին, որոնք քարոզարշավ կիրականացնեն Կոտայքի մարզում։

Ըստ նրա՝ Հայաստանում շատ բաներ պայմանավորված են հենց Արցախի հարցով, ուստի երբեք չպետք է ակնկալել տնտեսական զարգացում, եթե խնդիրներ լինեն ռազմաճակատի գծում։

««Սասնա ծռերն» այն կուսակցությունն է, որն այդ հարցի շուրջ ունի հստակ դիրքորոշում, այն է, որ այդ հարցում որևէ զիջում բերելու է ոչ թե խաղաղության, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել, այլ տեղի է ունենալու հակառակը՝ այն գայթակղության է տանելու մեր թշնամիներին, և հրահրվելու է պատերազմ։ Խորհրդարանում «Սասնա ծռերի» ներկայությունը շատ կարևոր է, քանի որ իրենց դիրքորոշմամբ կկարողանան կանխել Արցախի հարցի շուրջ ոչ ցանկալի զարգացումները։ Կոչ եմ անում ձեր քվեն տալ «Սասնա ծռերին», որովհետև դա այն երկրորդ բևեռի ստեղծման հնարավորությունն է, որը կկարողանա հակակշռել միակարծիք խորհրդարանում տեղի ունեցող գործընթացները»,- հայտարարեց Ա. Պապյանը։

Կուսակցության համակիրներից Սոնա Աղեկյանը հավաքվածներին հիշեցրեց, որ «Սասնա ծռերի» անդամներն իրենց կյանքի գնով կարողացել են անառիկ պահել երկրի սահմանները, և այսօր հասունացել է այն պահը, որ նրանց կողքին կանգնելով և վստահության քվե տալով՝ կկարողանան Հայաստանը դարձնել իրավական երկիր,  որի մասին բոլորը երազում են։

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում կուսակցության անդամները նույնպես կոչ արեցին ընտրել իրենց՝ ելնելով Հայաստանի ազգային անվտանգության նկատառումներից։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս