Ի՞նչ է հարցրել Նիկոլ Փաշինյանը «Նեյշնլ Ինսթրումենթսի» համահիմնադիր Ջեյմս Թրուշարդիին

Այսօր «Իմ քայլը» դաշինքը նախընտրական քարոզարշավ է իրականացնում Սյունիքի մարզում: Մեղրիում հանրահավաքի ժամանակ դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պատմեց երեկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակակիր «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդիի և նրա հետ իր զրույցի մասին։

Փաշինյանը նշեց, որ «Նեյշնլ Ինսթրումենթսի» կապիտալը 4.5 մլրդ դոլար է, Թրուշարդին սկսել է ընկերների հետ մի փոքրիկ ընկերություն ստեղծելով։

Մրցանակաբաշխությունից հետո պաշտոնական ընթրիքի ժամանակ Փաշինյանը նրան հարցրել է՝ ԱՄՆ կառավարության ո՞ր արածն է օգնել նրան՝ հասնել այդ բարձունքներին։

Թրուշարդին պատասխանել է, որ թերևս միակ և ամենակարևոր բանը, որ կառավարությունն իր համար արել է, իր կրթության համար պայմաններ ստեղծելն է, քանի որ եթե չլիներ այն դպրոցը, որում նա սովորել է, այնպիսին, ինչպիսին էր, կմնար իրենց ֆերմայում։

Կարդացեք նաև

«Ես նրան ասացի, որ շատ ոգրևորվում եմ։ Ինչո՞ւ եմ ոգևորվում։ Որովհետև ես այդ մարդու հետ խոսակցության արդյունքում հասկացա, որ մեր մտքերի ընթացքը ճիշտ է, մենք ճիշտ ուղղությամբ ենք մտածում։ Այո՛, շատ կարևոր է, որ մենք մեր երեխաների համար պատշաճ կրթություն ապահովենք»,- ասաց Ն.Փաշինյանը՝ նշելով, իրենց ծրագրային դրույթներից մեկն է՝ 4 տարեկանից սկսած երեխաներին ընդգրկել կրթական համակարգ՝ նախակրթարան և այլն։

Ըստ նրա՝ Մեղրիում հաջորդ տարվանից այդ ծրագիրն ավելի խորքային կիրականացվի։

«Մենք մեր քաղաքացիների հետագա հաջողությունների կերտումը պետք է սկսենք կրթությունից,- ասաց Փաշինյանը՝ կոչ անելով փոխել վերաբերմունքը կրթական համակարգի նկատմամբ,- Մենք՝ որպես հանրություն, պետք է չհանդուրժենք անորակ կրթությունը, չհանդուրժենք անորակ մասնագետներին»։

Տեսանյութեր

Լրահոս