«Խնդրին խոհեմ լուծում տալու փոխարեն Մշակույթի նախարարությունն ավելի է բարդացնում կացությունը». Լիլիթ Գալստյան
ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Համազգայինի թատրոնի շուրջ զարգացող իրադարձություններին չեմ կարող անտարբեր մնալ, պարզապես բարոյական իրավունք չունեմ։ Այն ինձ համար սոսկ թատրոն չէ, սա մեր թատրոնն է, որի ծնունդի մասնակիցն ու վկան եմ, նրա հաջողություններով հպարտացողը, նրա ներկա ճակատագրով տագնապողը։
1991թ․-ին, երբ Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հաստատվում էր Հայաստանում և գալիս էր հետխորհրդային փլզումի, պատերազմի, շրջափակման, մթի ու ցրտի իրականության մեջ հոգևոր-մշակութային օազիսներ կերտելու և նեցուկ լինելու նահանջող մշակութային կյանքին, մեր առաջին նախաձեռնություններից մեկը եղավ Համազգայինի թատրոնի հիմնադրումը։
Թատրոնը Սոս Սարգսյանի զավակն էր, տունը, նվիրումը, երազանքը, սերը։ Այդ նվիրումն ու սերը մեր՝ Համազգայինի թատրոն բերեց ժամանակի լավագույններին՝ Կարեն Ջանիբեկյանին, Գալյա Նովենցին, Շահում Ղազարյանին, Աննա Էլբակյանին, Կարինե Ջանջուղազյանին, Դավիթ Հակոբյանին, Հրաչյա Գասպարյանին։ Սոս Սարգսանը կերտեց թատրոն՝ երիտասարդ հրաշալի սերնդով, կայուն խաղացանկով։ Շատ արագ այն վավերական ներկայություն դարձավ մեր մշակութային կյանքում, և 2003-ին նրան շնորհվեց պետական կարգավիճակ։ Միևնույն է, թատրոնը, երբեք չդադարեց մերը/իմը լինելուց․․․
Երկու տարի առաջ, երբ թատրոնի գեղ․ ղեկավար նշանակվեց Վիգեն Չալդրանյանը, համոզում ունեի, որ հաջողելու են։ Տաղանդավոր Վիգեն Չալդրանյանին չհավատալու պատճառ չկար, բայց չստացվեց․․․Հստակ է, թատերախումբ-գեղարվեստական ղեկավար քիմիան չի ստացվել։ Մեղավորներ չեմ փնտրում․ բայց իրողությունն այն է, որ անդառնալիության գիծը հատվել է, թատրոնը կաթվածահար է։ Տարիներով հունցված ավանդույթներ, փիլիսոփայություն, գեղարվեստական, գեղագիտական ու ստեղծագործական սկզբունքներ ունեցող թատերախումբն իր ապագայի այլ պատկերացումներն ունի։
Խնդրին խոհեմ լուծում տալու փոխարեն Մշակույթի նախարարությունն ավելի է բարդացնում կացությունը՝ առանց թատերախմբի հետ խորհրդակցելու, թատրոնի գեղ․ ղեկավար նշանակելով Սուրեն Շահվերդյանին։
Իրավական տեսանկյունից թվում է, թե ամեն ինչ կարգին է․ ՊՈԱԿԻ մասին օրենքն այդ նախատեսումն ունի։ Բայց որքան հեռու պիտի լինել ԹԱՏՐՈՆ երևույթից՝ չհասկանալու որ թատրոնը շարքային ոչ առևտրային կազմակերպություն չէ, թատրոն շնչող, ապրող, արարող, անհատականություն և ավանդույթ ունեցող երևույթի հետ չի կարելի վարչահրամայական մեթոդներով խոսել։ Առհասարակ, մշակույթի կառավարումն այլ մոտեցում ու ճանաչողություն է պահանջում․․․
Սակայն իրավիճակը ոչ միայն մտահոգիչ է դարձնում, այլև լավատեսության հույս չի ներշնչում, նորանշանակ գեղարվեստական ղեկավարի հայտարարությունը, թե «Եթե կլինեն մարդիկ, ովքեր չեն ուզի աշխատել, գիտեք ինչքան տաղանդավոր դերասաններ կան, որ թատրոնի դռներն են թակում»։
Սա Համազգային թատրոնի հիմնադիրների, հնաբնակների ու պարզապես այդ օջախը կերտած մարդկանց հետ խոսելու ոչ ճշմարիտ ոճ է, ոչ էլ՝ ստեղծագործող մարդու վարքագիծ։ Որտեղի՞ց թատրոնի հետ վերևից խոսելու այդ ինքնավստահությունը․․․
Քանդելը հեշտ է, մանավանդ, երբ դու չես կառուցել, փորձեք սիրել ու կառուցել ձեր թատրոնը։
Հուսով եմ, որ կգտնվեն խելամիտ լուծումներ, և նախ, մեր՝ Համազգային թատրոնի հնաբնակները թույլ չեն տա, որ մշուշոտ դառնա տարիներով վաստակված թատրոնի ճակատագիրը»։
Քանդելը հեշտ է, մանավանդ, երբ դու չես կառուցել, փորձեք կառուցել ձերը Համազգայինի թատրոնի շուրջ զարգացող…
Gepostet von Lilit Galstian am Freitag, 30. November 2018