Երևանի դատախազությունն արձանագրել է ընտրախախտումների 129 ահազանգ
Երևան քաղաքի դատախազությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը ընտրախախտումների 129 ահազանգ է արձանագրել: Այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանը:
«Այսօր ժամը 20:00-ի դրությամբ ուսումնասիրվել է մամուլի 55 հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն դիմում-հաղորդում ներկայացնելու, ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր ներկայացնելու 71 դեպք: Ընդհանուր արձանագրվել է 129 դեպք, որոնցից 14-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, 9՝ ընտրակաշառք տալու, 3-ը՝ քարոզչություն իրականացնելուն հարկադրելու, 30-ը՝ ընտրողների ցուցակների կազմման կարգի խախտման, 21-ը՝ կրկնակի քվեարկության, 19՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու և 33 այլ դեպքեր»,- նշեց Իսրայելյանը:
Շուշանիկ Իսրայելյանի խոսքով՝ բոլոր դեպքերով իրականացվել են ստուգողական գործողություններ:
«Դեպքերից 98-ով, թեև առկա չեն եղել կոնկրետ տվյալներ հանցագործության վերաբերյալ, բայց սկզբունքը եղել է այն, որ նույնիսկ այդ դեպքերով պետք է կատարվեն ստուգողական գործողություններ, որոնք այժմ ոստիկանության կողմից ընթացքի մեջ են: Մնացած 31 դեպքով այս պահին նախապատրաստվում են նյութեր»,- ասաց նա:
Իսրայելյանը նշեց, որ կրկնակի քվեարկության և գաղտնիության խախտման վերաբերյալ դեպքերը հիմնականում չարամտություն չեն պարունակում: Կրկնակի քվեարկության դեպքերը հիմնականում պայմանավորված են եղել տեխնիկական անսարքություններով:
«Դեպքերն այնքան էլ լուրջ բնույթի չեն, ամեն դեպքում դրանցից բոլորով կատարվում են ստուգողական գործողություններ»,- ասաց նա: