Ինչպես է ազդել հեղափոխական էյֆորիան երևանցիների ակտիվության վրա

Երևանի ավագանու ընտրություններին երևանցիների մասնակցության ակտիվությունն անցած տարվա համեմատ գրեթե նույնն է։ Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ այսօր ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 294 535 քաղաքացի կամ ընդհանուր թվի 34.72 %-ը, իսկ 2017 թ. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ժամը 17։00-ի դրությամբ՝ 35%-ը։ Տարբերությունն ընդամենը մոտ 0.3% է։

Սոցիալական ցանցերում արդեն տեսակետներ են հնչում, թե այս ցուցանիշը փոքր է, հատկապես՝ հաշվի առնելով հետհեղափոխական իրավիճակն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններին մասնակցելու կոչերը և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մանդատի մասին հայտարարությունները։

Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը, սակայն, նորմալ է համարում Երևանու ավագանու ընտրություններին քաղաքացիների մասնակցության ներկայիս ակտիվությունը։

«Այդքան են ակտիվ մասսաները Հայաստանում, որոնք մասնակցում են ընտրությանը։ Անցած տարիներին, հնարավոր է նաև, որ լցոնումների արդյունք է եղել։ Կարծում եմ՝ մոտ 35%-ը նորմալ է»,- մեզ հետ զրույցում ասաց Ա.Ենոքյանը։

Հարցին, թե երևանցիների ակտիվության վրա ինչպե՞ս պետք է ազդեր հետհեղափոխական իրավիճակը, քաղաքագետը պատասխանեց. «Բայց ինձ թվում է՝ մենք մի քիչ գերագնահատում ենք հասարակության քաղաքական ակտիվությունը։ Կա քաղաքական ակտիվ զանգված, որ գալիս և մասնակցում է հանրահավաքներին, մյուս կուսակցություններն ունեն իրենց օժանդակող զանգվածները։ Չեմ կարծում, որ ավագանու ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը քիչ է, նորմալ թիվ է»։

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ քաղաքային իշխանություն ընտրելու համար նորմալ է ակտիվությունը։

«Իսկ թե ով ինչով է առաջնորդվում, դա յուրաքանչյուրի գործն է։ Կարծում եմ՝ այս ամենը պետք է արվի նրա համար, որ յուրաքանչյուրն առաջնորդվի սեփական ուղեղով և խղճով։ Այնպես որ, որևէ պրոբլեմ չեմ տեսնում, չեմ համարում սա որևէ մեկի հաղթանակ կամ պարտություն»։

Հեղափոխական էյֆորիան, ըստ նրա, շուտ է մարում և չէր կարող ազդել քաղաքացիների ակտիվության վրա. «Ես կարծում եմ, որ հեղափոխական էյֆորիան չի կարող երկար տևել, և չեմ կարծում, որ այսօր Հայաստանում կա հեղափոխական էյֆորիա։ Հակառակը՝ երևի ավելի շատ կա ցանկություն՝ գնալ դեպի ռացիոնալ լուծումներ, համակարգային փոփոխություններ, որովհետև էյֆորիան ընդհանրապես չի կարող երկար տևել, ինչպես և երջանկությունը»։

Տեսանյութեր

Լրահոս