«Համահասարակական ու համապետական լյուստրացիա պետք է գնա». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Մարտի 1-ի գործին Սեյրան Օհանյանի առնչության մասին
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չի լսել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրությունը և կարծում է, որ որպես քաղաքացի՝ դա իրեն «հասու չէ» և իր գործը չէ։
«Մեծ ցավ, նվաստացում եմ ապրել, որ նման ոչ պետական խոսակցության ամոթալի ձայնագրության ամոթալի հրապարակում է եղել, և դա ազգային անվտանգության, մեր պետության ինքնության նկատմամբ հարված է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ր.Հովհաննիսյանը։
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի, որ նախկինում ՕՐՕ դաշինքի իր գործընկեր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նույնպես ներգրավված է Մարտի 1-ի գործում, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Օրենքն իր ամբողջական խստությամբ և կարողությամբ պետք է կիրառվի բոլորի նկատմամբ անխտիր՝ նախկին, ներկա իշխանավորների։ Համահասարակական ու համապետական լյուստրացիա պետք է գնա»։
Հիշեցնենք, որ հրապարակված ձայնագրությունում խոսվում էր Օհանյանի արած «այլանդակությունների» մասին։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործով ունի վկայի կարգավիճակ, և 2008-ի մարտի 1-ի երեկոյան Սեյրան Օհանյանի հրապարակային հայտարարությունը, որ «բանակը մասնակցելու է արտակարգ դրության ռեժիմի պահպանմանը, և քաղաքացիների կողմից արտակարգ ռեժիմի ցանկացած խախտում արժանանալու է համարժեք, կոշտ արձագանքի», արժանի է քրեաիրավական գնահատականի։
Մանրամասները՝ տեսանյութում