Բաժիններ՝

Խորհրդարանի առաքելությունը բարիք արարելն է. Ամենայն Հայոց կաթողիկոս

ՀՀ օրենսդիր բարձրագույն մարմնի առաքելությունը բարիք արարելն է` մեր կյանքի շենացման համար: Հայ ժողովրդի ակնկալիքն է, որ խորհրդարանը լինի մանրակերտը մեր հասարակության: Այս մասին նշեց Ամենայն Հայոց կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը՝ Հայաստանի առաջին խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառմանը, որն ընթանում է ՀՀ Ազգային ժողովում:

Ամենայն Հայոց կաթողիկոսը շեշտեց Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի՝ պետությունը զորացնելու դերը:

«Մեկ դար առաջ, մեր պատմության վճռորոշ ժամանակաշրջանում ազգիս զավակների տեսիլքով, վճռականությամբ վերականգնվեց հայկական անկախ պետականությունը: Երջանկահիշատակ Գևորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսի կոչով Արարատյան դաշտավայրի եկեղեցինում ղողանջող զանգերի զորությունն էր, որ գոտեպնդեց մեր ժողովրդին` հաղթանակով պսակելու մեր հայրենիքի պաշտպանության մարտերը և ամուր կանգնելու մեր սուրբ հողի վրա: Հիմնվեց առաջին խորհրդարանը, քայլեր ձեռնարկվեցին պետությունը զորացնելու, քաղաքացիական հասարակություն ձևավորելու ուղղությամբ: ՀՀ առաջին հանրապետության երախտավորների ազգային մտածողությունը, հայրենանվիրումն ու պետության զորացման ջանքերը համատեղ ներդնելու բացառիկ նախանձախնդրությունը այսօր պետք է օրինակ լինեն»,- նշեց Վեհափառ Հայրապետը:

Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքով` ժողովուրդն այժմ ակնկալում է, որ խորհրդարանը կսպասարկի իր շահերը:

«Օրենքի իմացությունը մտքի բարիք է` ասում է Սուրբ գիրքը: ՀՀ օրենսդիր բարձրագույն մարմնի առաքելությունը բարիք արարելն է` մեր կյանքի շենացման համար: Հայ ժողովրդի ակնկալիքն է, որ խորհրդարանը լինի մանրակերտը մեր հասարակության, օրենսդրական արդյունավետ գործունեությամբ նպաստի հասարակական և քաղաքական կյանքի առաջընթացին»,- ասաց Գարեգին Բ կաթողիկոսը:

ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցող միջոցառմանը ներկա են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախագահները, ՀՀ վարչապետը, երկու պետությունների ԱԺ նախագահները, տարբեր տարիների ԱԺ պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ և այլ հյուրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս