«Խուզարկությունը կապված է այն հանգամանքի հետ, որ դեմ ենք ԼԳԲՏ քարոզին»
«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանն ու Հայկ Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրին իրենց մոտ տեղի ունեցած խուզարկությունից։
«Սեպտեմբերի 17-ի առավոտյան մեզ մոտ խուզարկություն է եղել։ Խուզարկության հիմքերում գրված էր, որ ես և Հայկ Այվազյանը, հնարավոր է՝ այդ գաղտնալսում իրականացնողներն ենք։ Երկու տարուց ավելի է՝ մեր գրասենյակը կա, մեր գրասենյակի հետ կապված որևիցե գաղտնիություն չկար։ Մենք ժպիտով ենք վերաբերվում այդ հայտարարությանը, իրականության հետ որևէ աղերս չունեցող գնահատականին»,- ասաց Հայկ Նահապետյանը։
Նրա խոսքով՝ իրենց մոտից առգրավել են բոլոր համակարգիչները՝ անգամ անձնականները, կրիչներ և հեռախոսներ, տեսանկարահանող սարքեր:
Խուզարկություն եղել է նաև Հայկ Այվազյանի տանը, բացի գաղտնալսող սարքերից, փնտրել են նաև թմրանյութեր և զենք։
Հայկ Այվազյանի խոսքով՝ խուզարկությունը տեղի է ունեցել իր ծնողների տանը. «Ասել են, որ փնտրում են զենք, թմրանյութեր և գաղտնալսող սարքեր։ Այդ խուզարկությունից հետո կազմակերպվել են նախաձեռնության աշխատանքները։ Ես հույս ունեմ, որ մեր աշխատանքները կշարունակվեն։ Մենք համագործակցում ենք բոլոր ուժերի հետ, գործիչների հետ, եթե իրենք համախոհ են մեզ հետ։ Տեսականորեն չենք բացառում, որ այս խուզարկությունը խոչընդոտ է այն մտքերին, որ մենք դավանում ենք»:
Հայկ Նահապետյանն էլ ընդգծեց, որ այս գործի շրջանակներում կապ չունի ո՛չ զենքը, ո՛չ թմրանյութը։
Նախաձեռնության անդամները խուզարկությունը կապում են իրենց գործունեության հետ, մասնավորապես՝ այն հանգամանքի հետ, որ իրենք դեմ են ԼԳԲՏ քարոզին:
Նախաձեռնության անդամները հայտարարում են՝ ՀՀ բոլոր ոլորտներն արտաքին կառավարման ներքո են, և, եթե իրենց տրվի կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, ապա իրենց հայացքների համար է։