«Էն ուժերը, որ մի անգամ ձեզ օգնել են, կարող է՝ էլ չօգնեն». Արամ Սարգսյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին. factor.am
Այս ընտրարշավում չկա որևէ ուժ, ում դեմ պայքարես, այստեղ եղած բոլոր ուժերն էլ պայքարել են նախկինի դեմ, այդ նախկինն էլ՝ Հանրապետական կուսակցությունը, թեկնածու չի առաջադրել. ի՞նչ սևի ու սպիտակի խնդիր է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին «Լույս» դաշինքի քարոզարշավի ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, գրում է factor.am-ը:
Պատգամավորը նաև Նիկոլ Փաշինյանին դիմեց՝ վստահեցնելով, որ ժողովուրդն իսկապես սիրո և համերաշխության հեղափոխություն է ուզում. «Ժողովուրդը հոգնել է ինքն իր հետ կռվելուց: Հերիք է էդ ասֆալտին փռելուց, քշելուց, չգիտեմ ինչերից խոսենք: Էս ընտրարշավում չկա որևէ ուժ, ում դեմ պայքարես: Էստեղ եղած բոլոր ուժերն էլ պայքարել են նախկինի դեմ: Էդ նույն ԲՀԿ-ն իր 31 պատգամավորով համապատասխան պահին կանգնեց ձեր կողքը, Դաշնակցությունն իր 7 պատգամավորով կանգնեց ձեր կողքը, մենք եկանք՝ քվեարկեցինք: Բա ո՞նց կարելի է նեղացնել ձեզ հետ ճանապարհ անցածին: Հո խնդիրը մենակ քայլելու մե՞ջ չի»:
Արամ Սարգսյանը խնդիր չի տեսնում, եթե Փաշինյանն ուզում է, նրա խոսքով, միայն իր հետ քայլած մարդկանց հետ իշխանություն ստեղծել ու Հայաստան կառուցել: «Եթե էդպես է, ես ձեզ ասելու էլ բան չունեմ, էլ երբեք դրան չեմ անդրադառնա: Բայց դուք էլ էդ դեպքում մտածեք, թե ո՞նց եք անելու արտահերթ ընտրության գնալուց: Որովհետեւ թվարկածս ուժերը կանգնած են եղել ձեր կողքին և հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների կողմնակից ենք: Հիմա ես նայում եմ, էդ մարդիկ մտածում են՝ կողմնակից լինենք, ի՞նչ անենք: Բա էստեղ մտածելու բան չկա՞: Քաղաքական դաշտի հետ պետք է իսկապես սիրո, հանդուրժողականության մթնոլորտում փորձել կոնսենսուսի գալ, լուծումներ գտնել, որովհետև նույն սահմանադրական հանրաքվեն էլ Ազգային ժողով է գալու: Ու էն մարդիկ, որ ձեզ մի անգամ օգնել են, կարող է՝ էլ չօգնեն»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: