Լենա Նազարյանի կարծիքով՝ Հայկ Մարությանը չի խուսափում բանավեճերից

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ կողմ արտահայտվեց թեկնածուների միջև բանավեճերի անցկացմանը։ Սակայն, ըստ նրա, այս հարցը որոշում է անձամբ թեկնածուն, և հարցը պետք է ուղղել նրան։

Ամեն դեպքում Լ.Նազարյանը նշեց, որ չի կարծում, թե Հայկ Մարությանը խուսափում է բանավեճերից. «Քարոզարշավի ժամանակը շատ կարճ է, նա ամբողջ օրն անցկացնում է վարչական շրջաններում և շփվում քաղաքացիների հետ»։

Դիտարկմանը, որ նույն պատճառաբանությունը ժամանակին Տարոն Մարգարյանն էր բերում, Լ.Նազարյանը պատասխանեց, որ չի հիշում, որ Մարգարյանը երբևէ քայլել է փողոցներով, թռուցիկ բաժանել ու պատասխանել քաղաքացիների հարցերին։

Նշենք, որ երեկ ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը քաղաքական բանավեճի է հրավիրել «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին՝ առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

«Քաղաքացիական պայմանագրի թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախչում է, գա, ի՞նչ խոսի, գա, իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի: Վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլ Փաշինյանի, տեսնենք՝ ոնց ես լուծելու Երևանի խնդիրները, թե՞ հեշտ է Փաշինյանի մեջքի տակ քաղաքապետ խաղալ»,- ասել է Ն.Զոհրաբյանը։

Ի պատասխան Զոհրաբյանի հայտարարության՝ այսօր Հ.Մարությանը հայտարարել է, թե ինքն առաջին օրվանից ասել է, որ պատրաստ է բանավիճել, սակայն չի տալու նախապատվություն ինչ-որ մի ուժի:

«12 մրցակից ենք, ուստի ես ունեմ 11 օպոնենտ, մեծ հաճույքով կգնամ բանավեճի, բայց բոլոր 11 օպոնենտների հետ։ Կոչ եմ անում բոլորին, որ մենք 12 թեկնածուներով հավաքվենք, զրուցենք, բանավիճենք, որովհետև ինձ համար բոլորը հավասար են»,- ասել է Հ.Մարությանը՝ շեշտելով, որ քարոզարշավի մասնակից ուժերից որևէ մեկի հետ առանձին չի բանավեճի։

Տեսանյութեր

Լրահոս