«Խաղողագործները կրկին կանգնած են մի շարք խնդիրների առջև». Արտակ Սարգսյանը լուծումներ է առաջարկում

«Մեկնարկել է խաղողի բերքահավաքի սեզոնը, և խաղողագործները կրկին կանգնած են մի շարք խնդիրների առջև, ամենաառաջին խնդիրը կապված է խաղողագործ-մթերող կապի բացակայության հետ, որի մասին բազմիցս խոսվել է, սակայն ապարդյուն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը՝ ընդգծելով, որ կրկին նույն խնդիրներն են, ինչ նախկինում։

«Կրկին չկան փոխշահավետ պայմանագրեր, խաղողագործը չգիտի՝ սեզոնին խաղողի  մթերման սկիզբը երբ է, ինչ գնով պետք է վաճառի, և այլն։ Սրանք հարցեր են, որոնց մասին մենք արդեն չորս տարի բարձրաձայնում ենք: Այս տարի դժգոհություններ եղան նաև խաղողի գնի հետ կապված, խաղողի գինը ցածր է, իսկ ինքնարժեքը` բարձր: Մթերվում է 140 դրամով, նախորդ տարի որոշ ձեռնարկություններ մթերել են՝ 130, որոշ գործարաններ էլ`  100-130 դրամով:  Ճիշտ է, այս տարի 10 դրամով ավելի է, բայց սա մեզ չի գոհացնում՝ հաշվի առնելով առկա գնաճը»,- ասաց նա։

Խաղողագործների միության նախագահի խոսքով՝ խաղողի նման ցածր գինը պայմանավորված չէ բերքի շատ լինելով, նախորդ տարվա համեմատ՝ այս տարի խաղողի բերքը շատ քիչ է:

Այս իրավիճակից դուրս գալու համար նա առաջարկում է ստեղծել փոխշահավետ պայմանագրեր՝ մթերող ընկերությունների և խաղողագործների միջև. «Եթե պայմանագրում առկա պարտավորությունները կատարվեն օրենքով, ապա բոլոր խնդիրները հնարավոր է լուծել։ Եթե պայմանագրով իրականացվում է առուծախ, գնողը վաճառողից գին պետք է հարցնի, ինչը շուկայի օրենքն է:

Բայց մեզանում դժգհությունը` կապված խաղողի գնի հետ,  առաջ է եկել, քանի որ գնորդը հաշվի չի առնում վաճառողի կարծիքն ու կամքը, այստեղից էլ առաջանում է անհամաձայնություն: Եթե կարողանանք նստել մի սեղանի շուրջ և միասին քննարկենք, հաշվի առնենք ինքնարժեք, գնագոյացում և այլն, ապա այդ դեպքում կլինեն փոխզիջումներ և կլինեն ընդունելի տարբերակներ»։

 

Տեսանյութեր

Լրահոս