«Եթե պիլոտային ծրագիրը հաջողվի, մյուս տարվա համար այլ մոտեցում կցուցաբերենք». Արթուր Խաչատրյան
Հայաստանի սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին նախատեսվում է պետական աջակցություն հատկացնել՝ վարելահողերի նպատակային և արդյունավետ օգտագործման, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրվող սուբսիդավորման արդյունավետության և թիրախայնության բարձրացման, ինչպես նաև տարածքային զարգացման անհամամասնությունները մեղմելու նպատակով: Այս մասին որոշում այսօր ընդունվեց կառավարության նիստում:
ՀՀ գյուղատնետսության նախարար Արթուր Խաչատրյանը զեկուցեց, որ նշված 37 բնակավայրերի հողօգտագործողների կողմից 2018 թվականին 2019 թվականի բերքի համար փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի 1 հա-ի համար կհատկացվի 60 հազար դրամ գումար:
Ըստ նրա՝ աջակցությունը նախատեսվում է իրականացնել որպես պիլոտային միջոցառում, նշված գումարի հաշվարկներում հիմք է ընդունվել հանրապետությունում 1 հա վարի և նախացանքային մշակության միջինացված արժեքները:
Սուբսիդիան առաջարկվում է տրամադրել յուրաքանչյուր շահառուի մինչև 7 հա փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար:
Նախարարի խոսքով՝ հանրապետության 446 հազար հեկտար վարելահողերից չի մշակվում կամ նպատակային չի օգտագործվում շուրջ 34 %-ը կամ 151.4 հազար հեկտարը:
Հայաստանի Հանրապետությունում սպառվող պարենային հացահատիկի ավելի քան 50 %-ը ներկրվում է: Արտադրության ցածր ցուցանիշներն հիմնականում պայմանավորված են աշխարհագրական դիրքի, անբարենպաստ պայմանների, հողերի մասնատվածության, ոռոգման և այլ խնդիրների հետ:
Ծրագրի իրականացման համար կպահանջվի 182.160 մլն դրամ գումար սուբսիդիա:
«Նախագիծը երկար քննարկում է անցել: Եթե պիլոտային ծրագիրը հաջողվի, մյուս տարվա համար այլ մոտեցում կցուցաբերենք»,- ասաց Ա.Խաչատրյանը: