«Առիթը եղել է 2-ի խոսակցությունը, որում դերակատարներ էին 4-ը, և առնվազն 2-ի մասով քրեական գործ հարուցված չի արդարադատությանը խոչընդոտելու մասով». Արփինե Հովհաննիսյան

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման փաստի շուրջ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովն արդեն ստեղծված է, և ոչ ոք դա չի վիճարկում։

Ըստ նրա՝ քննիչ հանձնաժողովի ստեղծման վերտառության մեջ նշված վիճարկելի հարցերի առկայությունն այն պատճառով է, որ երբ ստորագրահավաքը ստեղծվել էր, քրեական գործը հարուցված չէր քրօր. 309 հոդվածով, այսինքն՝ լիազորությունների սահմանազանցումով։

Ա. Հովհաննիսյանն առաջարկեց ձևակերպել հետևյալ կերպ՝ «ԱԺ որոշումը՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով»։ Նա պարզաբանեց, որ գլոբալ առումով քննության առարկա է դարձվում երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը, իսկ առիթը եղել է 2-ի խոսակցությունը, որում դերակատարներ էին 4-ը, և առնվազն 2-ի մասով քրեական գործ հարուցված չի արդարադատությանը խոչընդոտելու մասով։

«Հեռախոսային խոսակցությունների փաստով ձեր փաստարկներն ինձ համար անձամբ ընդունելի են»,- ասաց Ա.Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին տեղեկացվել էր, որ էլեկտրոնային մամուլում տվյալներ են հրապարակվել ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսվելու մասին, որում հղում էր կատարվել «youtube.com» կայքում տեղադրված ձայնագրությանը: Նկատի առնելով, որ վերոնշյալում առերևույթ առկա է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու, առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալու հանցավոր արարքների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Նկատի ունենալով նշված քրեական գործի նյութերում առկա փաստական տվյալները և այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների բովանդակությունը պարունակում է պաշտոնական լիազորությունների անցման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունը ևս հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Տեսանյութեր

Լրահոս