«Քաղաքական ֆավորիտ ուժերից մեկը համառորեն Երևանի խնդիրները թողած՝ քաղաքական դիսկուրսի դաշտ է փորձում տեղափոխել քարոզարշավը». Նաիրա Զոհրաբյան

«Չպետք է մոռանանք, որ մենք մասնակցում ենք Երևանի ավագանու ընտրության քարոզարշավին։ Արդյո՞ք հավասար մրցակցային պայմաններ են բոլոր քաղաքական ուժերի համար, իհարկե, ոչ, որովհետև քաղաքական ֆավորիտ ուժերից մեկը համառորեն Երևանի խնդիրները թողած՝ քաղաքական դիսկուրսի դաշտ է փորձում տեղափոխել քարոզարշավը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստանի»- քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ դեռ հարց է, թե քաղաքական հարթակ տեղափոխվելուց հետո քաղաքական որ ուժն ավելի հեղափոխական ու դուխով կլինի.

«Երևանցու համար բացարձակապես միևնույն է. թե հեղափոխականները, թե հակահեղափոխականներն օգտվում են նույն վերելակից, թե սևերը, թե սպիտակները, այդ բաժանումը մեզ համար անընդունելի է, ունեն նույն պրոբլեմները։ Ես նայել եմ բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը, ԲՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որ առաջարկում է ոչ միայն լուծումներ, այլև հստակ քննարկված ներդրումային փաթեթներ։

Կա ներդրումային ծրագիր՝ Երևանի տրանսպորտի խայտառակ վիճակը կարգավորելու համար, ամբողջ լուծումներն ու հաշվարկները կան, բանակցություններն ավարտված են, մնում է՝ սեպտեմբերի 24-ից այս ծրագիրն իրագործվի։ Համաշխարհային հայտնի կազմակերպության հետ, որն աշխարհի 1600 քաղաքներում արդեն ունի աղբի վերամշակման գործարան, մեզ հետ քննարկումների արդյունքում ներկայացրել են Երևանի քաղաքակիրթ աղբահանություն կազմակերպելու ծրագիր։ Ունենք նաև հստակ խոշոր ներդրումային ծրագրեր՝ Երևանի պաշտմամշակութային կենտրոնը վերականգնելու, Երևանը ճոպանուղների քաղաք դարձնելու, Էրեբունի բերդաքաղաքը, բուսաբանական այգին վերականգնելու մասով»։

Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ իրենք չեն ասում՝ ընտրեք մեզ, և ամեն ինչ լավ կլինի, այլ ասում են՝ ահա մեր ներդրումային փաթեթները, մնում է տալ վստահության քվե, և ամսի 24-ից բոլոր ծրագրերը, ըստ նրա՝ կսկսվեն. «Սրանք օտարերկրյա ներդրումներ են, այնպես չէ, որ մեր սիրուն աչքերի համար են այս ներդրումներն անում։ Հստակ հաշվարկներ կան, որ Երևանում այնքան աղբ է արտադրվում, որ սա իրենց համար շահութաբեր բիզնես է։ Նաև էկոլոգիապես մաքուր տրանսպորտն է բիզնես, այդ ներդրումներին կմասնակցի նաև Գագիկ Ծառուկյանը՝ որպես այդ խոշորագույն ներդրումների երաշխավոր։ Այո, իրենք հետապնդում են նաև բիզնես շահեր, բայց բոլորդ էլ հասկանում եք, որ բիզնեսի համար պետք է վստահություն, պետք է երկրում կայունություն, և ոչ թե՝ հակահեղափոխական որսեր։ Մեզ համար այսօր սևի և սպիտակի ջրբաժան չկա, այլ կա մեկ ջրբաժան՝ Երևանի լուծված և չլուծված խնդիրներ»։

Ինչ վերաբերում է Երևանի բյուջեին, ապա ըստ Զոհրաբյանի՝ այն 80 մլրդ դրամ բյուջեն նախկին քաղաքային իշխանությունները չթալանեին, ճիշտ ծախսեին, ապա դա բավարար էր Երևանի հիմնական որոշ խնդիրներ լուծելու համար. «Ի՞նչ ենք առաջարկում մենք՝ Երևանի բյուջեն մեծացնելու համար. Երևանում է կենտրոնացած մանրածախ առևտրի 65-70%-ը, ձեռնարկությունների և ընդհանրապես առևտրային համակարգի 70-80%-ը, և առաջարկում ենք, որ այդ ձեռնարկություններն իրենց եկամտահարկի և շահութահարկի 10%-ը մասնահանեն Երևանի բյուջե։ Դա լայն հնարավորություններ կտա՝ լուծելու Երևանի հիմնական խնդիրները»։

Հարցին՝ եթե իրենք չընտրվեն, այդ ներդրումային ծրագրերը չե՞ն իրականանալու, Զոհրաբյանը պատասխանեց.

«Եթե ընտրությունների արդյունքում երևանցին իր վստահության քվեն կտա որևէ քաղաքական ուժի, ես առաջինը կլինեմ, կբացեմ տվյալ թեկնածուի շտաբը, եթե վստահ լինեմ, որ որևէ վարչական ռեսուրս չի կիրառվելու, եթե վստահ լինեմ, որ հանրահավաքների ժամանակ չեն բղավելու՝ կգնաք և կընտրեք այս թեկնածուին, եթե վստահ լինեմ, որ չեն օգտագործելու հետհեղափոխական էյֆորիան ու չեն փորձելու ճնշում գործադրել երևանցու վրա։

Ի դեպ, մեր եվրոպացի գործընկերները շատ մտահոգված են խոսքի, խղճի, մտքի ազատության հանդեպ այն անառողջ դրսևորումներով, որ այս վերջին շրջանում տեղի են ունենում։ Մենք հորդորելու ենք այս լրջագույն ներդրողներին՝ չդադարեցնել ներդրումները, անպայմանորեն դրանք իրականացնել, որովհետև սա արվում է երևանցու համար։ Բայց որոշողը լինելու են ներդրողները»։

Տեսանյութեր

Լրահոս