«Հարգարժան Գրիշա, ո՞նց եք թույլ տվել, որ պարոն Փաշինյանն իր ննջասենյակից մինչև աշխատասենյակ, մեքենա ուղիղ կապի մեջ մտնելու սարքեր դնի». Գառնիկ Իսագուլյան

«Ես դիմում եմ Գրիշա Հայրապետովին, որը եղել է առաջին, երկրորդ, երրորդ նախագահների թիկնազորի պետը, հիմա էլ վարչապետի թիկնազորի պետն է. հարգարժան Գրիշա, ո՞նց եք թույլ տվել, որ պարոն Փաշինյանն իր ննջասենյակից մինչև աշխատասենյակ՝ ուղիղ կապի մեջ մտնելու սարքեր դնի, կամ վարչապետին սպասարկող մեքենայում այդ սարքերը տեղադրվեն, մի՞թե չգիտեք՝ այդ սարքերի հետ կապված ինչ վտանգներ կան, և եթե պաշտպանում եք մարդու անվտանգությունը, այդ պարագայում ոչ թե ինքն է ձեր ղեկավարը, այլ դուք եք իր ղեկավարը, որովհետև եթե այդ մարդու նկատմամբ մահափորձ է արվում, դուք պարտավոր եք ձեր կյանքով փրկել այդ մարդու կյանքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նա ընդգծեց՝ «պետությունն էս ո՞ւմ ձեռքն են տվել, ժողովուրդ». «Գրիշա ջան, ո՞նց եք թույլ տալիս վարչապետը մեքենայի միջից լայվ մտնի։ Հիմա, որ հավաքվում են, այլևս ժողովուրդ չի, ամբոխ է։ Շուտով դատ ու դատաստանն անելու են հրապարակում։ Թավշյա հեղափոխությունից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանի ասած խոսքերը 180 աստիճանով տարբերվում են իրարից, հիմա ինքն ասում է՝ քաղաքական պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, ինչ ուզում եք՝ արեք, հետո դա էլ կփոխի։ Բոլոր այս մարդիկ, ովքեր խառն են այս գործերին, քրեական պատասխանատվության են ենթարկվելու»։

Իսագուլյանի խոսքով՝ Փաշինյանը տեղյակ չէ նաև արցախյան բանակցություններից. «Երեկ ԱԺ ամբիոնից էն ինչեր էր ասում, իր սեղանին չի կարող որևէ փաստաթուղթ լինել, կարող են լինել տարբեր առաջարկություններ, փաստաթուղթ դառնում է այն ժամանակ, երբ դրա տակ դրվում են Հայաստանի և Ադրբեջանի ստորագրությունները։ Պարոն Փաշինյան, մի խաբեք ժողովրդին, որևէ փաստաթուղթ չկա, որտեղ որևէ մեկը պատրաստվում է տարածք տալ»։

Դիմելով տարբեր ծառայությունների պետերին՝ նա հետևյալն ասաց. «Մտածում եք, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարող են արդարադատությունից խուսափել կամ փախչե՞լ։ Տղերք ջան, երբ դուք չգիտեմ՝ ինչ գույնի շորտիկներ էիք հագնում, այդ մարդիկ իրենց ընտանիքներով ռմբակոծության տակ էին, ու հենց իրենց շնորհիվ էր, որ ժողովուրդը մնում էր Ստեփանակերտում։ Հիմա դուք Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին մեղադրում եք վախկոտության մե՞ջ։ Հանգիստ եղեք, իրենք որևէ տեղ չեն գնա, եթե որևէ տեղ էլ լինեին, անպայման հետ կգային այս գործը հարուցվելուց հետո՝ շատ լավ իմանալով՝ ում հետ գործ ունեն ու ինչ քաղաքական պատվեր է իջեցվել»։

Տեսանյութեր

Լրահոս