«Գաղտնալսման հրապարակումը նպատակ է հետապնդել՝ ՀՀ պետականությունը թուլացնելու և պետական առանձին մարմինների աշխատանքը կազմալուծելու». փաստաբան
«ՀՀ-ում երեկ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն, ինչը խոսում է այն մասին, որ գործ ունենք բավականին լուրջ հանցագործության հետ։ Իմ խորին համոզմամբ՝ դա ավելին է, քան հանցագործությունը՝ դա մեծագույն մարտահրավեր է՝ ուղղված ՀՀ ազգային անվտանգությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու հրապարակմանը։
Փաստաբանի խոսքով՝ բացի այն, որ իրականացվել են ՀՀ ՔՕ-ով արգելված մի շարք արարքներ, բուն փաստի՝ գաղտնալսման հրապարակումն ու շարժառիթը, ըստ փաստաբանի՝ ավելի մեծ հանցանքի մասին են վկայում.
«Հույս ունեմ, որ այդ ուղղությամբ ևս կիրականացվի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն՝ ՀՀ-ին ուղղված ուղղակի վնասարարության հատկանիշներով իրականացված հանցագործության բոլոր մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։ Բուն գաղտնալսման հրապարակումը նպատակ է հետապնդել՝ ՀՀ պետականությունը թուլացնելու և պետական առանձին մարմինների աշխատանքը կազմալուծելու, նրանց աշխատանքի նկատմամբ կասկածանք հարուցելու, հեղինակազրկելու այդ մարմինների աշխատանքը»։
Նորիկյանն ասաց, որ խոսակցության բովանդակությանն անդրադառնալու անհրաժեշտություն չի տեսնում. «Ինքնին այն փաստը, որ գաղտնալսել են ԱԱԾ տնօրենին, բավական է արձանագրելու համար, որ ՀՀ ազգային անվտանգությունը դրված է լուրջ սպառնալիքի տակ։ Վարկածներից մեկն այն է, որ հենց ՀՀ ԱԱԾ որոշ աշխատակիցներ կարող էին դա իրականացնել, ինչը կարող է դիտարկվել ուղղակի սաբոտաժ, թեև երեկ ԱԱԾ տնօրենն 99 տոկոսով բացառեց այդ վարկածը, ինչը խոսուն ահազանգ է, որ, եթե ՀՀ-ում չի իրականացվել այդ գաղտնալսումը, հետևաբար՝ վտանգն էլ ավելի մեծ է, որ գաղտնալսումը կարող էր իրականացվել այլ երկրների հատուկ ծառայությունների կամ ազդեցիկ շրջանակների կողմից։
Երկրորդ վարկածն այն է, որ հնարավոր է՝ հեռախոսային օպերատորներն են նման հնարավորություն ունեցել, այդ գաղտնալսումն իրականացնել ու տրամադրել գաղտնալսումը հրապարակող սուբյեկտներին։ Երրորդ վարկածը, որը վարչապետ Փաշինյանն էլ չբացառեց, այն է, որ օլիգարխները կարող էին ունենալ նման հնարավորություններ»։
Անկախ նրանից, թե ովքեր են սա իրականացրել, փաստաբանի խոսքով՝ այստեղ ՀՀ արժանապատվության հարցն է. «Որևէ երաշխիք չկա, որ, եթե ՀՀ-ում կամ նրա սահմաններից դուրս որոշ շրջանակների կողմից հասանելիություն կա ՀՀ ԱԱԾ-ին, չի բացառվում, որ այդ շրջանակները կարող են նաև այլ հույժ գաղտնի տեղեկություններ կորզել։ Ուստի, սա ՀՀ-ին նետված մարտահրավեր է, այդ մարդիկ պետք է հայտնաբերվեն և կրեն խստագույն քրեական պատասխանատվություն»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում