«Լույս» դաշինքը առաջարկում է Երևանի տրանսպորտային համակարգը հանձնել երկու օպերատորների կառավարմանը

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար, Երևանի ավագանու «Լույս» դաշինքի թեկնածու Դավիթ Խաժակյանը սեպտեմբերի 10-ին ներկայացրեց իրենց տեսլականը տրանսպորտի խնդրի լուծման հարցում: Դավիթ Խաժակյանի խոսքով` դաշինքի նախընտրական ծրագիրը ներառում է թե՛ այն խնդիրները, որ քաղաքացիներից լսում են ամեն օր, թե՛ այն գաղափարները, որոնք միտված են Երևանի զարգացմանը և հարմարավետ լինելուն:

Խաժակյանը առաջնային խնդիր է համարում Երևանի տրանսպորտի խնդրի լուծումը: «Հանրային տրանսպորտի խնդիրը լուծելու համար մենք ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը, ինչպես նաև անգլիական խորհրդատու կազմակերպության ներկայացած զեկույցը, որի դրվագները տեղ են գտել մեր նախընտրական ծրագրում:

Առաջարկվում է ունենալ քաղաքում միասնական երկու օպերատոր, որոնք կշահագործեն քաղաքային տրանսպորտը ամբողջությամբ: Հանրային տրանսպորտը լինելու է ամբողջությամբ արդիականացված շարժակազմով: Քաղաքում այլևս չեն լինելու միկրոավտոբուսներ և չեն լինելու կրկնվող գծեր, և չեն լինելու կանգառներում կանգնած բազմաթիվ մարդիկ, ովքեր սպասում են տրանսպորտին»,- ասաց Խաժակյանը:

Նրա խոսքով` փորձը ցույց է տալիս, որ մեկ օպերատորի առկայությունը բերում է ոլորտում մենաշնորհի և ցածր սպասարկման որակի, ինչպես եղավ աղբահանության ոլորտում:

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշեց, որ այս ընտրությունները շատ կարևոր են Հայաստանի Հանրապետության համար:

«Սա կոնկրետ քաղաքական ուժի հարց չէ, այլ Հայաստանի հարցն է, որ հեղափոխությունից հետո ամենամեծ թվով ընտրողներ և տնտեսություն ունեցող քաղաքը արտահերթ ընտրությունների փորձության ճանապարհով է անցնում: Մեր ավագանու թեկնածուները ներկայումս «Ելք» խմբակցության անդամներ են, ովքեր իրենց օրնիբուն աշխատանքով ցույց են տվել, թե ինչպես պետք է լինել պատասխանատու, հաշվետու և հետադարձ կապ պահել քաղաքացու հետ և երևանցու խնդիրը ամեն օր բարձրացնել: Նրանք, որպես ընդդիմություն, լավ են աշխատել, գիտեն քաղաքի խնդիրները, փորձ ունեն և բոլորը ճանապարհ անցած մարդիկ են»,- ընդգծեց Մարուքյանը:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր հերթին նշեց, թե շատ է ցանկանում, որ քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը այս ընտրություններում, որպես մարդ իր անցած ուղով, արժանի գնահատվի:

«Արտակն ինձ համար հերոսի կերպար է, ով 19 տարեկանում, Բժշկական ինստիտուտի լավ սովորող ուսանող լինելով, գնաց ռազմաճակատ և ռազմաճակատում վիրավորվելուց հետո ծնողներն իմացել են, որ Արտակը վիրավորվել է:

Նա երբեք չի շահարկել դա, որովհետև նա հայրենասեր մարդ է ու իր հայրենասիրությունը ապացուցել է պատերազմի տարիներին»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով` Զեյնալյանը չափազանց սկզբունքային է, և հենց այդպիսի մարդիկ են պետք Երևանին:

Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Առաջիկա 11 օրերի ընթացքում Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրներին լուծում տալու սեփական տեսլականով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Երևանի ավագանու ընտրությունների մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:

Տեսանյութեր

Լրահոս