Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, որն ուղղվել էր 2017 թ. հոկտեմբերին Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյակի տոնակատարությունների առիթով Կաթողիկոսի՝ Գերմանիա կատարած այցի ընթացքում:

Վարչապետը ողջունել է Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի պատվիրակության այցը մեր երկիր և Հայ առաքելական եկեղեցու հետ կապերի ամրապնդումը, միջեկեղեցական համագործակցության խորացումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քրիստոնյա ժողովուրդների միասնականությունն ու համերաշխությունը խաղաղության և կայունության պահպանման գործում:

Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի խոսքով՝ միջեկեղեցական երկխոսությունը հատկապես կարևոր է հակամարտությունները խաղաղ կարգավորելու և բռնությունները կանխարգելելու առումով: Նա նաև նշել է, որ ուշադրությամբ հետևել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, ուրախ են դրանց խաղաղ հանգուցալուծմամբ և հաջողություն մաղթել կառավարությանը:

Հյուրերի խնդրանքով Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին տնտեսական առաջընթացի ապահովման, սոցիալական արդարության հաստատման ուղղությամբ և տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին, միգրացիոն քաղաքականությանը, տարածաշրջանային խաղաղությանը և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս