Աշխարհասփյուռ հայությունը տոնում է Արցախի Հանրապետության անկախության 27-ամյակը
Արցախի Հանրապետությունը 27 տարեկան է. 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: Այդպիսով իրականացվեց մի իրավունք, որն արտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ, մասնավորապես 1990թ. ապրիլի 3-ին ընդունված օրենքը, որը նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տրամադրել ինքնուրույն կերպով որոշելու սեփական պետաիրավական կարգավիճակը՝ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում:
1991թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Դրան հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը: Անկախ ԼՂՀ կառավարությունը իր պարտականությունների իրականացմանն անցավ բացարձակ շրջափակման և նրան հետևած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում:
Ստեղծված իրավիճակում Բաքվի պատասխան գործողությունները չուշացան։ 1991 թ. սեպտեմբերի 25-ին Շուշիից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռներով ռմբակոծվեց Ստեփանակերտը: Մեկնարկեց արցախյան ազատամարտը։ Պատերազմի հորձանուտում ձևավորվեց հայկական բանակը, որը կարողացավ ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ Ադրբեջանի խնդրանքով 1994թ-ի մայիսի 12-ին ստորագրվում է հրադադարի մասին փաստաթուղթը Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավերների կողմից:
Անկախությունից 15 տարի անց կրկին սեպտեմբերի 2-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով արցախցիներն ընդունեցին պետության ու հասարակության հիմնական օրենքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը:
Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 2-ին Արցախում տոնական միջոցառումներ են անցկացվում տոնի առիթով: Արցախի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար աշխատանքային այցով Արցախ է մեկնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։