«Դրանք այն հարցերը չեն, որոնց վերաբերյալ նախագահը պետք է իր դիրքորոշումը հայտնի». ՀՀ նախագահի խորհրդական

«Հայաստանին անհրաժեշտ է կոնսենսուսի կառուցում, բանակցային սեղանի ձևավորում, որտեղ բոլոր քաղաքական ուժերը կհավաքվեն և կքննարկեն Հայաստանի համար կարևոր խնդիրները: Այսօր էլ ուշ չէ՝ այդ տեսակի մի նախաձեռնություն տեղի ունենա, որտեղ բոլոր խնդիրները կքննարկվեն, քաղաքական ուժերը կունենան պայմանավորվածություններ և ըստ դրա կգործեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ընտրական գործընթացը 2-2.5 ամսվա գործընթաց է, և քանի որ հայտարարվել է, որ մեկ տարվա ընթացքում պետք է լինեն ընտրություններ, ապա, ըստ Պողոսյանի՝ լավ կլինի, որ կոնկրետ ընտրության օրը հայտարարվի, քաղաքական ուժերը հասցնեն նախապատրաստվել.

«Եթե օրն իմանանք, ապա ըստ դրա էլ կհասկանանք, թե ինչ պետք է հասցնենք մինչև այդ օրն անել: Պե՞տք է, որ մինչև այս օրը ԸՕ-ն ընդունվի, ուրեմն դրա պատասխանատուները թող մտնեն աշխատասենյակ և դուրս չգան, մինչև դա պատրաստ չլինի: Նույնը վերաբերում է անցումային արդարադատությանը։ Մեզ պետք է մեր մոդելը, թե որ հարցերին ենք անդրադառնալու՝ տնտեսական ինչ հարցեր ինչ կարմիր գծեր են ունենալու, նույնը՝ նաև քաղաքական և մյուս հարցերի մասին։ Եթե պարզվում է, որ օրենքի տառին համապատասխան բոլոր գործերը պետք է բացվեն, ապա Հայաստանում կան համակարգեր, որտեղ բոլորին պետք է նստեցնես»։

Թևան Պողոսյանն ընդգծեց, որ բոլոր հարցերը պետք է արագ լուծվեն. «Մեր թշնամիները չեն քնում, չէ՞։ Աշխարհում հազարավոր փոփոխություններ են լինում,տարբեր խնդիրներ են գալիս,  մենք ունե՞նք այն ընկալումը, որ ամեն բան պետք է անենք, որ մեր տնտեսությունը զարգանա, անվտանգության խնդիրները լուծենք, մեր սեփական պոտենցիալն այնքան զարգացնենք, որ Հայաստանը դառնա հզոր, որ բոլորը ցանկանան և Հայաստանի հետ ընկերություն անել, և նրա կողքին կանգնել»։

Հարցին՝ նախագահ Արմեն Սարգսյանն  ինչո՞ւ է պասիվ այս փուլում, չի արձագանքում երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին, նա այսպես պատասխանեց. «Կան լիազորություններ, եթե այդ լիազորությունները խախտված չեն, ինչի՞ մասին է խոսքը»։

Ճշտող հարցին՝ երկրորդ նախագահի ձերբակալության հետ կապված որևէ արձագանք չեղավ, սահմանադրական փոփոխությունների մասին է խոսվում, նա դարձյալ չի արձագանքում, սրանք այն հարցերը չե՞ն, որոնց վերաբերյալ նախագահը պետք է իր դիրքորոշումը հայտնի, Պողոսյանը պատասխանեց.

«Ոչ, դրանք այն հարցերը չեն, որոնց վերաբերյալ նախագահը պետք է իր դիրքորոշումը հայտնի։ Մենք ունենք գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններ, յուրաքանչյուրն ունի իր պատասխանատվության խնդիրը, նրանք պետք է աշխատեն։ Նախագահը ցանկացած քաղաքացու առջև է պատասխանատու, որ որևէ մեկի առջև չխախտվի Սահմանադրությունը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս