Բաժիններ՝

ԱՄՆ-ն Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ամերիկյան ապրանքների տուրքերի հետ կապված վեճ է նախաձեռնել ընդդեմ ՌԴ-ի

Միացյալ Նահանգներն Առևտրի համաշխարհային կազմակերպությունում վեճ են նախաձեռնել Ռուսաստանի կողմից հուլիսի 6-ին մի շարք ամերիկյան ապրանքների համար լրացուցիչ տուրքերի սահմանելու կապակցությամբ: Այս մասին օգոստոսի 29-ին հայտնել է ԱՀԿ-ի մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ-ն խնդրել է ԱՀԿ-ին Ռուսաստանի Դաշնության հետ խոհրդակցություններ անցկացնել, որոնք վերաբերում են Ռուսաստանի կողմից մի շարք ամերիկյան ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքերի սահմանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ամերիկյան կողմը համարում է, որ «Ռուսաստանի կողմից հուլիսի 6-ից սահմանվող լրացուցիչ տուրքերը չեն համապատասխանում 1994 թվականի Սակագների և առևտրի մասին գլխավոր համաձայնագրի դրույթներին, քանի որ Ռուսաստանը լրացուցիչ տուրքեր չի սահմանում ԱՀԿ-ի այլ անդամների համար, և, ինչպես կարելի է պատկերացնել, ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար կիրառում է տուրքերի ավելի բարձր մակարդակ, քան Ռուսաստանի կողմից ԱՀԿ-ում [անդամակցության պահին] սահմանված առևտրային զիջումների մակարդակն է»:

ԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Գենադի Օվեչկոն տեղեկացրել է, որ ԱՀԿ-ի կանոնների համաձայն՝ ռուսաստանյան կողմը 10 օր ունի «խորհրդակցությունների մեջ մտնելու համաձայնություն տալու» համար: Օվեչկոն պարզաբանել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ն ԱՀԿ-ում կատարել է կազմակերպության մի շարք անդամների, այդ թվում՝ Չինաստանի ու Եվրամիության հետ խորհրդակցությունների հարցում:

«Եթե խորհրդակցությունները վեճի կարգավորմամբ չպսակվեն, ապա 60 օր հետո բողոքով դիմած կողմը կարող է խնդրել արբիտրների պանելի ստեղծում»,- հայտնել են ԱՀԿ-ից:

Ռուսաստանը հուլիսի 6-ին ամերիկյան մի շարք ապրանքների համար սահմանել է 25-40%-ի չափով լրացուցիչ տուրքեր՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի ներմուծման տուրքերի բարձրացման: Տուրքերի աճը վերաբերել է ամերիկյան շինարարական-ճանապարհային տեխնիկային, նավթագազային սարքավորումներին և օպտիկամանրաթելային արտադրանքին: ՌԴ էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարարությունը ԱՄՆ-ի կողմից սահմանված առևտրային սահմանափակումների՝ ռուսաստանյան արտահանողների համար վնասը գնահատել է 537,6 մլն դոլար:

Մարտի վերջին ԱՄՆ-ն սահմանել է պողպատի և ալյումինի ներմուծման, համապատասխանաբար, 25% և 10% տուրք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս