ԱՀԿ ղեկավարը սահմանների փակումն անարդյունավետ է համարում Էբոլայի տարածման դեմ պայքարում
Սահմանների փակումը պայքարի արդյունավետ միջոց չէ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլայի համաճարակի տարածման դեմ: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Ինչպես գիտեք, ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս արգելել մուտքը, քանի որ դա մեծ արդյունք չի տալիս: Դա կարող է դանդաղեցնել վիրուսի տարածումը, հնարավոր է՝ թույլ տա շահել մի քանի օր, բայց ոչ ավելին», – ասել է նա Կինշասա ժամանելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
ԱՀԿ ղեկավարի խոսքով, վիրուսի տարածումը զսպելու համար առավել արդյունավետ են անհրաժեշտ սանիտարական միջոցների օպերատիվ կիրառումը և աջակցության տրամադրումը հենց հիվանդացության օջախում։
Մայիսի 27-ին Ուգանդայի իշխանությունները հայտարարել են ԿԴՀ-ի հետ սահմանի ժամանակավոր փակման մասին՝ Էբոլա տենդի տարածման ռիսկի նվազեցման նպատակով:
Ավելի վաղ ԿԴՀ-ի հետ սահմանը փակել էր Ռուանդան, իսկ Զամբիան բժշկական խիստ հսկողություն է սահմանել այդ երկրից ժամանողների նկատմամբ:

