Չափագրումներն իրականացվել են ՀՀ կադաստրի կոմիտեում չհաշվառված գործիքներով
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնում են. «Գեոդեզիայի և հողօգտագործման ոլորտում արձանագրված խախտումների հիմքով ՔՏՀԱ տեսչական մարմինը չափագրողների որակավորման վկայականների գործողության կասեցման վերաբերյալ միջնորդություններ է ներկայացրել.
𝟐𝟎𝟐𝟔 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության մասնագետների կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հանութագրման) և հողաշինարարության գործունեության բնագավառներում բացահայտվել են որակավորում ունեցող անձանց կողմից թույլ տրված մի շարք խախտումներ, որոնք առնչվում են ինչպես տեխնիկական պահանջների անտեսմանը, այնպես էլ իրական տվյալների խեղաթյուրմանը։
ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ, Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր գյուղ, ինչպես նաև Աբովյան և Նոր Հաճն (Նոր Արտամետ) համայնքների տարածքներում իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ։
Արձանագրվել են դեպքեր, երբ որակավորում ունեցող անձանց կողմից չափագրման և հողաշինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ կառավարության 𝐍 𝟏𝟎𝟐𝟖-Ն և 𝐍 𝟏𝟏𝟖𝟖-Ն որոշումների պահանջների խախտմամբ։
Մասնավորապես՝ չափագրումներն իրականացվել են ՀՀ կադաստրի կոմիտեում չհաշվառված գործիքներով, ինչպես նաև հողամասի հատակագծում շինություններով ծանրաբեռնված հողամասերը արտացոլվել են որպես չծանրաբեռնված հողամասեր։
Հաշվի առնելով արձանագրված խախտումների բնույթը և դրանց հնարավոր իրավական հետևանքները՝ Տեսչական մարմինը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ կադաստրի կոմիտեին՝ օրենքով սահմանված կարգով նշված մասնագետների որակավորման վկայականների գործողությունը կասեցնելու միջնորդությամբ:
Արդյունքում՝ 𝟐 դեպքով որակավորման վկայական ունեցող անձանց գործունեությունը կասեցվել է մեկ ամիս ժամկետով, իսկ 𝟏 դեպքով՝ չհաշվառված գործիքներով աշխատանքների իրականացման մասով, մասնագիտական հանձնաժողովի կողմից տրվել է զգուշացում՝ աշխատանքային գործիքների պարտադիր հաշվառման անհրաժեշտության վերաբերյալ:
Եվս 𝟐 դեպքով նոր միջնորդություններ են ներկայացվել Լիազոր մարմնին՝ կրկին չափագրողների որակավորման վկայականների գործողության նկատմամբ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցի կիրառման նպատակով»։



