Սա կոնկրետ քրեական ահաբեկում է…Վախենում է եկեղեցում գտնվող երիտասարդներից, իրեն ուղղվող հարցերից, իրեն ձևական չհարգող քաղաքացիներից. Արման Թաթոյան
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է. «Երկու 18 տարեկան դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, ովքեր եկեղեցում հարգանք չեն դրսևորել տասնյակ հավատացյալների նկատմամբ՝ իրենց համար ամենանվիրական պահին։ Իրեն հավատացյալ հայտարարողը պատարագի կեսից, մարդկանց հրելով, իր թիկնազորով ու շքախմբով, ճեղքել է մարդկանց շարքերը՝ մոռանալով, որ խոնարհ հավատացյալը նման կերպ չի վարվում եկեղեցում:
Երրորդը՝ իրենց անծանոթ մարդ, չի դրսևորել «հարգանք» մեկ այլ վայրում, մեկ այլ ժամանակ այն տրանսպորտային միջոցի նկատմամբ, որով իշխանությունը տեղափոխում իր թիմակիցներին։
Տարբեր դրվագներով տարբեր մարդիկ այժմ քրեական վարույթով մեղադրյալ են։
Մեղադրանքները նախատեսում են ազատազրկում։ Այժմ քննվում է նրանցից մեկի խափանման միջոցի հարցը. միջնորդել են կալանք կիրառել:
Հենց այսպես է իրավունքը վերածվում գործիքի՝ թե՛ բացահայտ ճնշումների միջոցով, թե՛ իրավական տեխնիկայով։
Վերցվում է մի քանի դրվագ, ամեն կերպ փորձում միավորել մեկ գործի մեջ, կիրառվում է ծանր պատժամիջոց [ազատազրկում] նախատեսող հոդված, և ազդակը փոխանցվում է բոլոր մյուսներին։
Ես երկար տարիներ մասնագիտորեն զբաղվել եմ մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Ես գիտեմ տարբերությունը քրեական հետապնդման և քրեական ահաբեկման միջև։ Սա կոնկրետ քրեական ահաբեկում է:
Պետությունը, որն իշխանության դրդմամբ այսպես է կիրառում իրավունքը, հաստատում է մեկ բան․ վախենում է։
Վախենում է եկեղեցում գտնվող երիտասարդներից։ Վախենում է իրեն ուղղվող հարցերից։ Վախենում է այն քաղաքացիներից, որոնք ձևական հարգանք չեն ցուցադրում։
Մեզ պետք է այլ տրամաբանություն.
ոչ թե իշխանություն, որը պաշտպանվում է օրենքով, այլ օրենք, որը պաշտպանում է քաղաքացուն։ Այդ թվում՝ հենց իշխանությունից»:



