Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերանայի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները
ԱՄՆ-ն կվերանայի իր հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ Իրանի հետ պատերազմից հետո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«ՆԱՏՕ-ն օգտակար է Վաշինգտոնի համար, քանի որ թույլ է տալիս նրան զինվորներ և ռազմական տեխնիկա տեղակայել Միացյալ Նահանգների սահմաններից դուրս, բայց եթե դաշինքը սահմանափակվում է միայն նրանով, որ Միացյալ Նահանգները պաշտպանում է Եվրոպային, իսկ վերջինս անհրաժեշտության դեպքում մերժում է Վաշինգտոնին բազաների օգտագործման հարցում, ապա դա լավ համաձայնություն չէ»,- ասել է Ռուբիոն:
Պետքարտուղարի բնորոշմամբ՝ ՆԱՏՕ-ն, որպես դաշինք, «չպետք է լինի միակողմանի փողոց»։ Նա հույս է հայտնել, որ կկարողանան լուծել այդ խնդիրը։Միևնույն ժամանակ Ռուբիոն ՆԱՏՕ-ի դաշնակիցների վարքագիծը անվանել է շատ հիասթափեցնող։
«Այս ձևաչափում դժվար է մնալ ներգրավված և ասել, որ դա օգուտ է բերում միայն Միացյալ Նահանգներին։ Հետևաբար, այս ամենը պետք է վերանայվի», – ընդգծել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։



