«Wizz Air»-ն ընդլայնում է իր գործունեությունը Հայաստանում՝ բազավորելով նոր օդանավ և գործարկելով նոր երթուղիներ Երևանից
Հայաստանում առաջատար եվրոպական ավիափոխադրող «Wizz Air» ավիաընկերությունը հայտարարել է, որ 2026 թվականի հոկտեմբերին Երևանի բազայում կավելացնի իր երրորդ օդանավը և կգործարկի ևս երկու նոր երթուղի, ինչը ևս մեկ անգամ վկայում է երկրի նկատմամբ իր շարունակական հանձնառության մասին։
Հայաստանում գործունեության մեկնարկից ի վեր՝ 2020 թվականից, «Wizz Air» ավիաընկերությունը տեղափոխել է ավելի քան 3 միլիոն ուղևոր, հետևողականորեն ընդլայնելով իր երթուղային ցանցը և հայաստանյան ուղևորներին առաջարկելով մատչելի ճանապարհորդության հնարավորություններ։ Երրորդ օդանավի ավելացմամբ ավիաընկերությունը ևս մեկ նշանակալի քայլ է կատարում՝ ամրապնդելու իր ներկայությունը և աջակցելու Երևանի շարունակական զարգացմանը՝ որպես տարածաշրջանային կարևոր օդային հանգույց։
«Ուրախ ենք ընդլայնել մեր ներկայությունը Հայաստանում՝ Երևանի բազայում երրորդ օդանավի բազավորմամբ», — նշել է «Wizz Air» ավիաընկերության Գլխավոր կոմերցիոն տնօրեն Յան Մալինը։ «Այս կարևոր քայլը վկայում է մեր շարունակական աճի և հայկական շուկայի հանդեպ մեր ամուր հանձնառության մասին։ Այս ընդլայնումը ցույց է տալիս մեր երկարաժամկետ նվիրվածությունը՝ ուղղված փոխկապվածության զարգացմանը, տեղական տնտեսությունների աջակցմանը և ճանապարհորդությունն առավել մատչելի դարձնելուն։ Հպարտ ենք ավելացնելու մեր ներդրումները Երևանում և անհամբեր սպասում ենք համատեղ զարգացման նոր տարիներին»։
Ընդլայնման շրջանակում «Wizz Air» ավիաընկերությունը գործարկելու է Երևան–Էյնդհովեն նոր երթուղին՝ շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ, սկսած 2026 թվականի հոկտեմբերի 26-ից։ Բացի այդ, ավիաընկերությունը կգործարկի նաև Երևան–Բրյուսել Շառլերուա նոր երթուղին, որը կմեկնարկի 2027 թվականի փետրվարի 1-ից, ևս մեկ անգամ ընդլայնելով Հայաստանի և Արևմտյան Եվրոպայի միջև ճանապարհորդության հնարավորությունները։
Էյնդհովենը, որը հայտնի է որպես Նիդեռլանդների տեխնոլոգիական և դիզայնի կենտրոն, այցելուներին առաջարկում է ժամանակակից ճարտարապետության, նորարարության և մշակութային փորձառությունների հետաքրքիր համադրություն, այդ թվում՝ հայտնի «Dutch Design Week»-ը։
Բրյուսել Շառլերուան հանդիսանում է հարմար դարպաս Բելգիա մուտք գործելու համար՝ հնարավորություն ընձեռելով այցելել պատմական քաղաքներ, վայելել աշխարհահռչակ խոհանոցը և տեսարժան վայրերը, ինչպես նաև՝ հեշտությամբ հասնել Բրյուսել և այլ ուղղություններ։ Երկու երթուղիներն էլ ստեղծում են նպաստավոր պայմաններ զբոսաշրջային, քաղաքային և գործարար ուղևորությունների համար՝ ամրապնդելով Հայաստանի կապը Եվրոպայի հետ։
Այսպիսով, «Wizz Air» աիաընկերությունը ներկայումս իրականացնում է 18 երթուղի դեպի 10 երկիր Հայաստանից, այդ թվում՝ թռիչքներ նաև Գյումրիից։ Ընդլայնման արդյունքում ավիաընկերությունը Երևանից տարեկան կառաջարկի մոտ 1.35 միլիոն նստատեղ, ինչպես նաև՝ 12,000 նստատեղ Գյումրիից, ապահովելով ուղևորներին առավել լայն ընտրություն և ճկունություն, քան երբևէ։
| ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ | ՕՐԵՐ | ԱՐԺԵՔԸ ՍԿՍԱԾ | ՄԵԿՆԱՐԿ |
| Երևան – Էյնդհովեն | Երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ | 29.99 € | 26 հոկտեմբերի 2026թ. |
| Երևան-Շառլերուա | Երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ | 29.99 € | 1 փետրվարի 2027թ. |
«Wizz Air» ավիաընկերության մասին
«Wizz Air» ավիաընկերությունը շահագործում է 261 Airbus A320 և A321 ինքնաթիռների շարժակազմ։ Նվիրված ավիացիոն մասնագետների թիմը մատուցում է բարձրակարգ սպասարկում և մատչելի սակագներ՝ դարձնելով «Wizz Air» ավիաընկերությունը 63.4 միլիոն ուղևորների նախընտրելի ընտրությունը 2025 ֆինանսական տարում։
«Wizz Air» ավիաընկերության բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայում՝ WIZZ խորհրդանիշի ներքո։ Ավիաընկերությունը նաև ճանաչվել է որպես «Ամենակայուն բյուջետային ավիաընկերություն»՝ 2021–2025 թվականներին, ըստ «World Finance Sustainability Awards» մրցանակաբաշխության։
2025 թվականին «Wizz Air» ավիաընկերությունը գլխավորել է խոշոր ավիաընկերությունների արտանետումների լավագույն վարկանիշը, որը ներկայացրել է «Cirium» ավիացիոն վերլուծական ընկերությունը՝ շնորհիվ արտանետումների ինտենսիվության նվազեցման ուղղությամբ իրականացված արդյունավետ աշխատանքների։ Վերջին շրջանում ավիաընկերությանը շնորհվել է նաև «Տարվա կայուն ավիաընկերություն» մրցանակը՝ 2025 թվականին, «Airline Economics Sustainability Awards Gala» միջոցառման շրջանակում, որը տեղի է ունեցել 2025 թվականի սեպտեմբերին։



