Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանն արդարացրել է ՀՀ արտգործնախարարության նախկին աշխատակից, պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանին։ Այս մասին հայտնում է փաստաբան Աբգար Պողոսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախաքննության ընթացքում Աշխեն Ալեքսանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն), խափանման միջոց է կիրառվել կալանքը։
«Դատարանը` դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ, հրապարակեց վերդիկտ, ըստ որի` Ալեքսանյանն իրեն մեղսագրվող ՔՕ 418-րդ հոդվածով (ազատազրկում 15-20 տարի կամ ցմահ), այլ կերպ ասած՝ պետական դավաճանության մեղադրանքով արդարացվեց»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում։
Նա նշել է, որ ըստ դատարանի՝ Ալեքսանյանի գործողություններում առկա էր ՀՀ ՔՕ 441-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, առավելագույնը 4 տարի ազատազրկում)։



