Ռազմական առաքելությունը չի լուծի Հորմուզի նեղուցի շրջափակման խնդիրը. գլխավոր քարտուղար
Հորմուզի նեղուցում նավարկությունն ապահովելու համար ռազմական առաքելության ստեղծումը երկարաժամկետ հեռանկարում չի լուծի դրա շրջափակման խնդիրը, հայտարարել է Միջազգային ծովային կազմակերպության գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Մեծ Բրիտանիային և այլ երկրներին ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ նավագնացությունը վերականգնելու համար։
«Առևտրային նավերը պաշտպանելու համար ռազմական աշխատանքային խմբի ստեղծումը չի կարող երկարաժամկետ լուծում լինել։ Ավելին, դա լիովին չի վերացնի ռիսկերը, իսկ նավերը նախկինի նման կարող են խոցվել անօդաչու թռչող սարքի կամ հրթիռի կողմից»,- ասել է Դոմինգեսը Repubblica թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ նավագնացության խնդրի լուծումը պետք է լինի «դեէսկալացիան, ապա՝ այս հակամարտության դադարեցումը»։ «Սա ազատ ծովային երթևեկությունը վերականգնելու և կողմնակի վնաս չկրելու միակ միջոցն է»,- ասել է Միջազգային ծովային կազմակերպության գլխավոր քարտուղարը։



