«Կիպրոսի խնդիրը Թուրքիայի ազգային խնդիրն է». Հուլուսի Աքար
Թուրքիայի ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ և նախկին ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Լրագրողների հետ զրույցում Աքարը տեղեկացրել է այդ երկրի վարչապետի և նախագահի հետ սպասվող շփումների մասին:
Աքարը տեղեկացրել է նաև, որ օրակարգում լինելու է Կիպրոսի հարցը և դրա շուրջ տիրող իրավիճակը, ապա հայտարարել. «Կիպրոսի խնդիրը Թուրքիայի Հանրապետության համար ազգային խնդիր է և դրանում փոփոխություն ու շեղում չկա»:
Բացի այդ նախկին ՊՆ ղեկավարի պատվիրակությունը մայրաքաղաք Նիկոսիայում այցելել է կիպրոսցի թուրքերի առաջնորդ Ֆազիլ Քյուչյուքի և ինքնահռչակ հանրապետության հիմնադիր նախագահ Ռաուֆ Դենքթաշի հուշահամալիրներ։ Աքարն ընդգծել է, որ կիպրոսցի թուրքերի անվտանգությունն ու բարեկեցությունը կարևոր են Թուրքիայի համար՝ վստահեցնելով, որ Անկարան շարունակելու է աջակցությունը։
Հիշեցնենք, որ Թուրքիան 1974-ի հուլիսի 20-ին ներխուժել էր Կիպրոս և օկուպացրել կղզու հյուսիսային մասը՝ պատճառաբանելով, թե պաշտպանում է կիպրոսցի թուրքերին։ Այդ տարածքում ստեղծվել էր Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը մինչ օրս ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։ Թուրքական զորքերը առ այսօր տեղակայված են այնտեղ։



