Արաղչին ողջունել է Գերմանիայի նախագահի կողմից Իրանի դեմ պատերազմի դատապարտումը
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ողջունել է այն, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դատապարտել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունները՝ դրանք որակելով որպես միջազգային իրավունքի խախտում։
X հարթակում Արաղչին գրել է, որ միջազգային իրավունքը «գործնականում մեռած է», ինչի պատճառն արևմտյան «երկակի ստանդարտներն են», օրինակ՝ արձագանքը Գազայի հատվածում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին և լռությունը՝ կապված Իրանի դեմ Իսրայել-ԱՄՆ ագրեսիայի հետ։
«Այնուամենայնիվ, մեր հարգանքները նախագահ Շտայնմայերին՝ իրանցիների նկատմամբ խախտումները դատապարտելու համար: Նրանք, ովքեր գնահատում են օրենքի գերակայությունը, նույնպես պետք է արտահայտվեն», – հավելել է նա։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը հակասում է միջազգային իրավունքին և հանդիսանում է քաղաքական ճակատագրական սխալ։



