Բժիշկները պարզել են՝ ինչ ազդեցություն է ունենում սուրճը արյան ճնշման վրա
«Медицина» ԲԲԸ-ի (Ակադեմիկոս Ռոյտբերգի կլինիկա) սրտաբան և բժշկական գիտությունների դոկտոր Դենիս Սոկոլովը զգուշացրել է, որ մի բաժակ սուրճը կարող է որոշ մարդկանց մոտ արյան ճնշման բարձրացման պատճառ դառնալ։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում քննարկել է այս ըմպելիքի ազդեցությունը օրգանիզմի վրա։
«Սուրճից հետո արյան ճնշման բարձրացման ռիսկն ամենաբարձրն է տարեց մեծահասակների և հիպերտոնիա ունեցող մարդկանց մոտ։ Ռիսկի խմբում են նաև նրանք, ովքեր հազվադեպ են կոֆեին օգտագործում կամ նրանք, ովքեր ունեն գենետիկորեն դանդաղ նյութափոխանակություն։ Սակայն, առավոտյան մեկ բաժակ սուրճը միշտ չէ, որ հանգեցնում է արյան ճնշման կայուն բարձրացման. նրանք, ովքեր այն պարբերաբար խմում են, զարգացնում են տոլերանտություն, և հաճախ արտահայտված ռեակցիան բացակայում է»,- ասել է Սոկոլովը։
Բժշկի խոսքով՝ արյան ճնշումը կարող է բարձրանալ թունդ սուրճ խմելուց հետո նույնիսկ առողջ երիտասարդների մոտ, որոնք սրտանոթային հիվանդություններ չունեն: Սակայն այս ազդեցությունը սովորաբար թույլ է և տևում է ոչ ավելի, քան 20-40 րոպե:



