«Հեղափոխություն 3»-ը, եթե հաջողվի, դառնալու է այս երկուսի տրամաբանական շարունակությունն ու վերջին արարը. Նարեկ Գալստյան

Քաղաքագետ, լրագրող Նարեկ Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ն. Փաշինյանը ելույթում նշում է, թե «հեղափոխություն -3»-ն առարկայանում է: Իսկապես, որ առարկայանում է: Բայց եկեք հիշենք, թե ինչ էին իրենցից ներկայացնում «հեղափոխություն -1»-ն ու «հեղափոխություն-2»-ը:

Եվ այսպես, «հեղափոխություն-1»-ը սկսվել 2018 թ-ի ապրիլին ու ավարտվել 2021-ի հունիսին: Այդ հեղափոխության հետևանքն էր հայկական բանակի ողնաշարի ջարդելը, հազարավոր զինվորականների զոհվելն ու վիրավորվելը, Շուշիի, Հադրութի և այլ տարածքների օկուպացիան թշնամու կողմից:

«Հեղափոխություն-2»-ն, անշուշտ, նախորդի տրամաբանական շարունակությունն էր, որը, սակայն, իր դաժանությամբ ու արդյունավետությամբ գերազանցում էր առաջինին:

Եվ ուրեմն ժամանակային առումով այն շարունակվելու է մինչև այս տարվա հունիս, սակայն հնգամյա ընթացքի հիմնական խրոնոլոգիան է Ջերմուկի, Վարդենիսի և ՀՀ ինքնիշխան սահմանների գրավումը թշնամու կողմից, Պրահայում Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելը, դրան անմիջապես հաջորդած Արցախի ամբողջական շրջափակումն ու սովը, սեպտեմբերյան մեկօրյա անհուսալի պատերազմը, արցախահայության գաղթը, հարյուրավոր զոհերը, Տավուշի գյուղերի հարակից տարածքների ՄԻԱԿՈՂՄԱՆԻ հանձնումը, Ցեղասպանության պատճառները կասկածի տակ դնելը, Հայ Եկեղեցու դեմ կատաղի պատերազմը, քաղաքական բանտարկյալներն ու ռեպրեսիաները, հայ ժողովրդի ազգային իղձերն ու երազները տարածաշրջանի կոնֆլիկտների պատճառ դարձնելը, Սփյուռքի հետ կապերի խզումը, Արցախ տեղանունն օգտագործել արգելելն ու այսպես շարունակ:

«Հեղափոխություն 3»-ը, եթե հաջողվի, դառնալու է այս երկուսի տրամաբանական շարունակությունն ու վերջին արարը: Հայաստանը չի՛ վերանալու, չէ՛… Այն կորցնելու է իր բովանդակությունը, դառնալու ադրբեջանական վասալ տարածք, հետնախորշ, թշնամու ֆուռերի սպասարկման ճանապարհ: Այդ ամենը, իհարկե, համեմվելու է քառասուն անգամ կրկնվող «ինքնիշխանություն» բառով, որին զուգահեռ, ինչպես մամուլում սպրդեց, Սահմանադրությունը վերածվելու է մեր պետության, արժեքների նեկրոլոգի՝ դամբանական ճառի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031