Թրամփը զարմացած է, որ Ավստրալիան ռազմանավեր չի ուղարկել Հորմուզի նեղուց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Sky News Australia-ին տված հարցազրույցում ասել է, որ զարմացած է, որ Ավստրալիան ռազմանավեր չի ուղարկել՝ Հորմուզի նեղուցը բացելու համար։ Սա տեղի է ունենում նավթային կենսական երթուղու փաստացի կանգի ֆոնին, ինչը հանգեցրել է վառելիքի գների կտրուկ աճի։
«Ես շատ զարմացած էի»,— ուրբաթ օրը Վաշինգտոնում ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչն իրեն դուր չի գալիս Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ավստրալիայի դիրքորոշման մեջ։ «Դե, նրանք պետք է միջամտեն, և ես մի փոքր զարմացա, որ նրանք «ոչ» ասացին, որովհետև մենք նրանց միշտ «այո» ենք ասում»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը քննադատել էր Ճապոնիային, Ավստրալիային և Հարավային Կորեային այն բանի համար, որ վերջիններս հայտարարել էին, թե ռազմանավեր չեն ուղարկի Պարսից ծոց՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողությունների ֆոնին։
«Մենք այլևս ՆԱՏՕ-ի երկրների օգնության կարիքը չունենք և չենք էլ ցանկանում այն. ՄԵՆՔ ԱՅԴ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՍՏԱՑԵԼ: Ճիշտ այնպես, ինչպես Ճապոնիան, Ավստրալիան կամ Հարավային Կորեան»,— գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում:
Նա նաև քննադատության տարափ է արել ՆԱՏՕ-ի հասցեին՝ դաշինքի անդամներին «վախկոտներ» անվանելով այն բանի համար, որ վերջիններս չեն ցանկանում «օգնել բացել» Հորմուզի նեղուցը:
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն շաբաթ օրը հայտարարել է, որ Ավստրալիան ցուցաբերել է այն աջակցությունը, որն իրենից խնդրել են և որ ինքը ԱՄՆ նախագահից որևէ այլ խնդրանք չի ստացել:



