Կանարյան կղզիներին սպառնում են սողանքներ և թռիչքների չեղարկում ցիկլոնի պատճառով
Ատլանտյան օվկիանոսի վրա ամպեր են կուտակվում, և Կանարյան կղզիները պատրաստվում են Թերեզա փոթորկին: Հայտնի զբոսաշրջային կղզիներին սպառնում են ուժեղ անձրևներ, բազմամետրանոց ալիքներ և ուժեղ քամու պոռթկումներ:
«Եղանակային իրավիճակը նման է օմեգա բլոկի: Կանարյան կղզիների որոշ շրջաններում մի քանի օր ուժեղ անձրևներ կլինեն: Մինչդեռ Գերմանիայում մնում է լավ եղանակ ապահովոող անտիցիկլոնը»,- Bild-ին ասել է փորձագետ Կարստեն Բրանդտը:
Ատլանտյան կղզիները սպառնում են մինչև հինգ մետր բարձրությամբ ալիքներ, ուժեղ անձրևներ և փոթորկային քամիներ, որոնք կարող են նաև անհարմարություն պատճառել զբոսաշրջիկներին: Իշխանությունները պաշտպանիչ միջոցներ են ձեռնարկել Թերեզա փոթորկի պատճառով. երեկ Թեներիֆեում, Լա Պալմայում, Լա Գոմերայում և Էլ Հիերոյում փակվել են բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները: Այս միջոցառումն այսօր տարածվում է ամբողջ Կանարյան կղզիների վրա:
Իշխանությունները բնակիչներին կոչ են արել հնարավորության դեպքում աշխատել տնից: Ազգային օդերևութաբանական ծառայությունը՝ Aemet-ը, տագնապ է հնչեցնում. բարձրլեռնային գոտիներում հնարավոր են քամու պոռթկումներ՝ ժամում մինչև 90 կիլոմետր: Ավելին, հնարավոր են տեղումներ, որոնք գերազանցում են տարեկան միջին ցուցանիշները:
Ափամերձ գոտում սպասվում են մինչև հինգ մետր բարձրությամբ ալիքներ, իսկ 1800 մետրից բարձր բարձրություններում հնարավոր է նույնիսկ ձյուն: Փոթորկի ուժգնացմանը զուգընթաց իշխանությունները կանխատեսում են երթևեկության հետագա սահմանափակումներ. չվերթները կարող են չեղարկվել, իսկ կղզիների միջև նավարկող լաստանավերը կմնան նավահանգստում:



