Գերմանիան չի ցանկանում Իրանի պատերազմի մաս կազմել. Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Նորվեգիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ չկա որևէ պատճառ, որ Բեռլինը քննարկի Հորմուզի նեղուցով անցնող նավերին ռազմական պաշտպանություն տրամադրելու հարցը՝ նեղուցի շուրջ Իրանի կողմից հարձակումների ֆոնին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Գերմանիան այս պատերազմի մաս չէ, և մենք չենք ցանկանում մաս կազմել դրան», – ասել է նա։

Գերմանիայի կանցլերը նաև քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ նավերի վրա բեռնված ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները ժամանակավորապես չեղարկելու համար։

«Մենք կարծում ենք, որ դա սխալ է, – ասել է Մերցը։ – Ներկայում խնդիր կա գների հետ, բայց ոչ մատակարարման։ Եվ այդ առումով ես կցանկանայի իմանալ, թե ինչ այլ գործոններ են ԱՄՆ կառավարությանը դրդել այս որոշումը կայացնել»։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մղվող պատերազմի պատճառով նավթի և գազի գները մեղմելուն ուղղված քայլը, կարծես թե, քիչ ազդեցություն է ունեցել, քանի որ Brent տեսակի նավթի գինը մարտի 13-ին կրկին բարձրացել է մինչև 101 դոլար մեկ բարելի համար։

Միացյալ Նահանգները մարտի 12-ին 30-օրյա արտոնություն է տվել երկրներին՝ գնելու պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթ և նավթամթերք, որոնք մատակարարվում են ծովային ճանապարհով։

Տեսանյութեր

Լրահոս