Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ
Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով վնասվել է ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ, այդ թվում՝ 19 700 բնակելի շենք։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը:
«Այս պահին տարբեր հատվածներում վնասվել է 24 531 քաղաքացիական օբյեկտ, որոնցից 19 775-ը բնակելի շենքեր են», – մեջբերել է նրա խոսքն IRNA գործակալությունը։
Քոլիվանդը նշել է, որ նաև վնասվել է 4511 առևտրային օբյեկտ, ինչը կարող է զգալի տնտեսական հետևանքներ ունենալ տուժած շրջանների բնակիչների համար։
Նա հավելել է, որ հարձակումների հետևանքով վնասվել է 69 դպրոց, որտեղ զոհվել է 154 մարդ, վիրավորվել՝ 195 ուսուցիչ և աշակերտ:
Փետրվարի 28-ին՝ հարվածների առաջին օրը, Մինաբում օրիորդաց դպրոցին հարվածի հետևանքով զոհվել էր շուրջ 170 աշակերտուհի։



