Բարձրաձայն մտքեր Նախիջևանում կատարվածի մասին. «Իրանն այսօր»
«Իրանն այսօր» լրատվական ալիքը գրում է.
Բարձրաձայն մտքեր Նախիջևանում կատարվածի մասին
Ադրբեջանից ասում են՝ Իրանն է հարվածներ հասցրել, Իրանից՝ հերքում։
Դիտարկենք երկու տարբերակն էլ.
Տարբերակ 1-ին Իրանն է հարվածել
Ա) Իրանը կարող էր հարվածել՝ ունենալով մտավախություն, որ այդ տարածքից իր դեմ գործողություն կարող է լինել։ Այս մասով Ադրբեջանի հանդեպ Իրանում անվստահության պակասի խնդիր չկա։
Այս տարբերակի օգտին կարող է խոսել Իրանի փոխարտգործնախարարի (չ)հերքումը։ Նա ասել էր, որ Իրանը հարևաններին չի թիրախավորում, այլ այն ռազմաբազաները, որոնք կօգտագործվեն Իրանին հարվածելու համար։
Բ) Իրանն ընդլայնում է պատերազմից տուժող երկրների շրջանակը՝ իր դեմ պատերազմելու գինը բարձրացնելու համար (բայց սա կարող է հակառակ էֆեկտն ունենալ)։
Գ) Զինված ուժերը և քաղաքական ղեկավարությունն իրարից որոշակիորեն անկախ են գործում՝ նախապես ունեցած պլանի հիման վրա։ Այս տարբերակի մասին արդեն գրել եմ նաև Օմանի համատեքստում։
Տարբերակ 2-րդ. Իրանական կողմի ասած իսրայելական սադրանքն է տեղի ունեցել
Ա) Այս առումով հատուկ ուշադրության է արժանի Ադրբեջանի արձագանքը։ Միանգամից շատ կոշտ հռետորաբանություն ընդունելը, միջադեպն ահաբեկչական որակելը, միջազգային աղմուկ հարուցելը տպավորություն է թողնում, որ իրենց առիթ էր պետք։ Հիմա հարց է առաջանում, թե ինչի՞ համար է պետք Ադրբեջան & co-ին այդ առիթը. Իսրայելի դեպքում ամեն ինչ պարզ է, Ադրբեջանի դեպքում՝ դեռ ոչ այնքան։
Բ) Ուշադրության է արժանի նաև թուրքական կողմի արձագանքը։ Ադրբեջանցի պաշտոնյաների հետ հեռախոսազրույցներում նրանք միջադեպի մասին խոսում են վերացական՝ առանց մատնանշելու Իրանին։ Թուրք փորձագետներից էլ կան գնահատականներ, որ սա կարող է Իսրայելի սադրանքը լինել։
Գ) Որպես նախորդ մտքի շարունակում՝ հնարավոր է՝ Իսրայելը փորձում է Իրանի դեմ նոր ճակատ բացել, որի համար առիթ ու հիմքեր են հարկավոր։ Այս տարբերակի դեպքում էլ դեռ հարց է, թե այդ ճակատի բացումը ինչ տեսքով է լինելու՝ պանթյուրքական տարրերի ակտիվացու՞մ, թե այլ։
Լրացում՝ Դ) Հենց ադրբեջանակա՞ն սադրանք…
Իհարկե կարող են լինել նաև այլ տարբերակներ։ Թե այստեղ գրված ու չգրված տարբերակներից որն է տեղի ունենում, գուցե հասկանանք առաջիկայում։




