Անգամ իրենց խմբագրած հարցման արդյունքում ՔՊ-ն 24% է հավաքել. Նարեկ Կարապետյան

Դուք նկատե՞լ եք, որ 53 տոկոս հավաքած իշխանությունը անգամ իրենց հարցումով 24 տոկոս է հավաքել, երկու անգամ քիչ. հրավիրված ասուլիսին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով IRI-ի հարցումներին։

«Դա ցույց է տալիս, թե ինչքան մեծ է հիասթափությունը իշխանության նկատմամբ, անգամ իրենց այս ռեդակցիա արած հարցման արդյունքով իրենք խնդիր ունեն և գիտեն այդ խնդիրը, գիտեն, որ հասարակության մեծ մասը հիասթափված է, որովհետև եղել են սիրուն խոսքեր, բայց չեն եղել քայլեր, գործեր»,- ասաց նա։

Միաժամանակ Կարապետյանը նշեց, որ ողջունում է հարցումների հրապարակումը, որը ցույց տվեց իրենց իրական վարկանիշը և հետագայում էլ նաև ցույց կտա ընդդիմության իրական վարկանիշը։

«Հարցումն իրականացվել է մինչև մեր կուսակցության հիմնադիր նիստը և Սամվել Կարապետյանի վարչապետ հայտարարվելը։ Նաև մեր հարցման ընթացքում մեր ունեցած տվյալներով՝ հիմնականում տոկոսային առումով շատ բարձր են դրել այն մարդկանց թիվը, որոնք իշխանական կողմնորոշում են ունեցել նախորդ ընտրությունների ժամանակ՝ նորմայից 50 տոկոսից բարձր։ Մենք այդ տեխնոլոգիային տիրապետում ենք և հասկանում ենք՝ ինչ քայլեր են արել, բայց անգամ այդ քայլերից հետո իրենք 2 անգամ անկում ունեն»,- նշեց նա։

Կարապետյանի կարծիքով, այս հարցման արդյունքները չեն արտացոլելու իրական ընտրությունների պատկերը, քանի որ ընդդիմության ձայների հետ կապված հարցվածների համաչափությունը չի պահպանվել։

«Հարցումների մեջ կարևոր է, թե որ բազային ես հարցնում։ Եթե հարցման մեջ ընտրում են հատուկ բազա, որը ունի իշխանամետ տեսակետ, փոխվում է իշխանական պատկերը, կամ հակառակը։ 24-25-ը հետագայում ինչ-որ ձև կարող է փոփոխվել, բայց այն մեծ վարկանիշները, որ ունեին՝ 50-40 տոկոս, դրա մասին երազելը արդեն ուշ է, դրա համար տարբեր օրակարգեր են ուզում մտցնել, որպեսզի ժողովրդավարական գործընթացներում սահմանափակումներ մտցնեն»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս