Ալիևը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակի վերաբերյալ

Արդբեջանական լրատվամիջոցները տարածում են Ալիևի մամուլի ծառայության հաղորդագրությունը, որից տեղեկանում ենք՝ Ադրբեջանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։

«Զրույցի ընթացքում կողմերը վերահաստատել են, որ Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, եղբայրության և բարի հարևանության սկզբունքների վրա, որոնք ամրապնդված են ժողովուրդների միջև գոյություն ունեցող խոր պատմական, էթնիկ և կրոնական կապերով։

Պետությունների ղեկավարները դրական են անդրադարձել Իրանի նախագահի նախորդ այցերին Ադրբեջան և հանդիպումների ընթացքում անցկացված արդյունավետ բանակցություններին՝ ընդգծելով, որ այդ բարձր մակարդակի շփումները զգալիորեն նպաստել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Նրանք նաև նշել են, որ Արաքս գետի վրա Աղբանդ–Քալալա ավտոճանապարհային կամրջի շինարարությունը ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի։

Պետության ղեկավարը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանը պատրաստ է իր ներդրումն ունենալ լարվածության թուլացման գործում։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս նման հարցերը երկխոսության և փոխըմբռնման միջոցով լուծելու օգտին։

Իր հերթին նախագահ Մասուդ Փեզեշքյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին»,- նշում են լրատվամիջոցները:

Տեսանյութեր

Լրահոս