Ամեն տարի Հայաստանում արձանագրվում է արգանդի պարանոցի քաղցկեղի շուրջ 270 նոր դեպք
Ամեն տարի Հայաստանում արձանագրվում է արգանդի պարանոցի քաղցկեղի շուրջ 270 նոր դեպք՝ հիմնականում հիվանդության ուշ՝ երրորդ և չորրորդ փուլերում, տեղեկացնում է ԱՆ-ն:
Մեր երկրում տարեկան 115 կին մահանում է արգանդի պարանոցի քաղցկեղից։
Քաղցկեղի այս տեսակի տարածվածությունը և դրանից մահացությունը մեր տարածաշրջանում 10 անգամ ավելի բարձր է, քան` Արևմտյան Եվրոպայում։
Արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման ամենատարածված պատճառը մարդու պապիլոմավիրուսի (HPV) որոշ, բարձր ռիսկայնություն ունեցող, տեսակներն են:
Վիրուսի երկարատև առկայությունը օրգանիզմում կարող է ժամանակի ընթացքում հանգեցնել արգանդի պարանոցի բջիջների կառուցվածքային փոփոխության,որը նախ դրսևորվում է որպես նախաքաղցկեղային փոփոխություն, իսկ տարիների ընթացքում կարող է վերափոխվել քաղցկեղի։
Վիրուսը փոխանցվում է մասնավորապես սեռական ճանապարհով։
Քաղցկեղի տվյալ տեսակը կարելի է կանխարգելել` կատարելով անհրաժեշտ կանխարգելիչ միջացառումներ:
Պապիլոմավիրուսի դեմ կատարվող պատվաստումը հիվանդության կանխարգելման ամենահուսալի միջոցներից է: Տվյալ պատվաստանյութը հասանելի է Հայաստանում և կատարվում է 13 տարեկանից սկսած՝աղջիկներին և տղաներին։ Ունի 99% արդյունավետություն։
Սքրինինգային հետազոտությունների շարքին են պատկանում արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտությունը և պապիլոմավիրուսի հայտնաբերումը։
Տվյալ հետազոտությունները կատարվում են 21-65 տարեկան կանանց շրջանում։
Արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտությունն իրականացվում է 3 տարին մեկ անգամ, պապիլոմավիրուսի հայտնաբերումը կատարվում է 5 տարին մեկ անգամ։
Կամ 5 տարին մեկ անգամ հնարավոր է իրականացնել համակցած սքրինինգ։
Հայաստանում ՝ ԱԱՊ բժշկական հաստատություններում 30-60 տարեկան կանանց շրջանում իրականացվում է անվճար HPV թեստավորում` 5 տարին մեկ անգամ։
