Բաժիններ՝

Զբոսաշրջիկները բողոքում են Թուրքիայի ռեստորանների բարձր գներից. ԶԼՄ

Թուրքիայի ռեստորաններում սնունդը գնալով թանկանում է ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։

Փորձագետներն այս միտումը կապում են ապրանքների գների բարձրացման և հաստատությունների գնային քաղաքականության առանձնահատկությունների հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կառավարամետ «Türkiye» թերթին։

Թերթի տվյալներով՝ միջին մակարդակի ռեստորանում երկու անձի ընթրիքն արժե 1,5-2,5 հազար թուրքական լիրա (մոտ 34-58 դոլար)։ Չորս հոգուց բաղկացած ընտանիքը, որն ամսական երեք անգամ ճաշում է ռեստորանում, ամսական ծախսում է առնվազն 15-20 հազար լիրա (345-460 դոլար)։

Պարբերականը նշում է, որ նշված գումարով կարելի է ձեռք բերել կենցաղային տեխնիկա, կահույք կամ հոգալ արձակուրդի ծախսերի զգալի մասը, ինչպես նաև ընտանիքին մեկ ամսով ապահովել մթերքով և կենցաղային ապրանքներով:

Ինչպես գրում է «Türkiye»-ն, ռեստորանների բարձր գներից դժգոհում են ոչ միայն Թուրքիայի քաղաքացիները, այլև զբոսաշրջիկները։ Միևնույն ժամանակ Թուրքիայի առևտրի նախարարությունը շարունակում է լայնածավալ ստուգումներ անցկացնել, և այն հաստատությունները, որոնք անհիմն բարձրացնում են գները, ենթարկվում են խոշոր տուգանքների։

Ոլորտի ներկայացուցիչները գների բարձրացումը բացատրում են ոչ միայն ծախսերի աճով, այլև այն հանգամանքով, որ ռեստորանները կենտրոնացել են բարձր շահութաբերության ապրանքների վաճառքի վրա։ Նրանց խոսքով՝ ամենաբարձր շահույթն ապահովում են խմիչքները, սուրճը, աղանդերը և դրանց հետ կապված ապրանքները, մինչդեռ հիմնական ուտեստները, մասնավորապես կարմիր միսը և ձուկը միշտ չէ, որ բարձր շահութաբերություն են ապահովում թանկ հումքի, վերամշակման կորուստների և անկայուն մատակարարման շղթաների պատճառով։

Թերթը նշում է, որ վարձակալության, անձնակազմի և էներգիայի ծախսերի աճի հետ մեկտեղ այս գնագոյացման ռազմավարությունը մնում է դրսում սննդի արժեքի բարձրացման հիմնական գործոններից մեկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս