Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել, այլ ոչ թե բախվել ռազմական գործողությունների
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ, այլ ոչ թե բախվել ռազմական գործողությունների: Ինչպես հայտնում է BBC-ն՝ Թրամփն այս մասին ասել է Սպիտակ տանը լրագրողների՝ Պարսից ծոցում ուժերի կուտակման մասին հարցերին ի պատասխան:
«Կարող եմ ասել հետևյալը՝ նրանք իսկապես ցանկանում են գործարք կնքել», -ասել է ԱՄՆ նախագահը:
Օրեր առաջ Թրամփը Թեհրանին զգուշացրել էր, որ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի վերաբերյալ բանակցելու ժամանակը «սպառվում է»: Երկրի մոտակայքում կուտակվել է ԱՄՆ մեծ ռազմածովային նավատորմ։
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ ներկայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն նախատեսվում, բայց Թեհրանը բաց է փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բանակցությունների համար։
Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը լիովին խաղաղ բնույթ է կրում և բազմիցս հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները, թե ձգտում է միջուկային զենք մշակել։
